CIMG3727 - копия

«Մինչև չափահաս դառնալը մեզ մոտ արմատացած էր այն գիտակցումը, որ ոչ թե հիվանդն է բժշկին վճարում, այլ հակառակը՝ բժիշկն է հիվանդին փող տալիս: Պապս՝ ակադեմիկոս Բարդուղիմեոս Ֆանարջյանը, Թումանյան փողոցի վրա գտնվող մեր տանը զննում էր հիվանդներին, դեղատոմս գրում և վերջում իր աշխատավարձից տալիս էր որոշակի դրամ, որպեսզի հիվանդը դրանով հոգա իր բուժման ծախսերը: Պապիկս մեզ համար եղել է և շարունակում է մնալ հայրենասիրության չափանիշ, և այսօր էլ եթե մեկն ինձ հարցնում է, թե ձեր քոքը որտեղից է, ես հպարտորեն նշում եմ՝ Ախալցխայից»:

Ռուբեն ՖԱՆԱՐՋՅԱՆ

ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ,
Առողջապահության նախարարության  գլխավոր նյարդավիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր, Ֆանարջյանների տոհմի 3-րդ սերնդի ներկայացուցիչ

ՀՀ-ում ներկայումս ապրում և մասնագիտական գործունեություն են ծավալում Ֆանարջյանների՝ բժիշկների նշանավոր գերդաստանի շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Գերդաստան, որը տվել է մեծահամբավ բժիշկների արդեն 4-րդ սերունդը: Եթե այսօր Ֆանարջյանները մի հրաշքով տեղափոխվեին հայրենի Ախալցխա, ապա, համոզված ենք, երբեմնի արծաթագործների, ոսկերիչների, բրուտագործների, դարբինների և արհեստագործության մի շարք այլ ուղղությունների ներկայացուցիչների փողոցների կողքին կհիմնվեր ևս մեկ փողոց կամ համքարություն՝ Ֆանարջյան բժիշկների փողոցը:

Ֆանարջյանների հռչակավոր տոհմի նահապետն է Բարդուղիմեոս Ֆանարջյանը (1898, Ախալցխա -1976, Երևան) հայ ռենտգենաբան, ՀԽՍՀ ռենտգենառադիո-ուռուցքաբանական ծառայության հիմնադիրը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1960), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940), Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի հիմնադիրը։ Բ. Ֆանարջյանը 1936 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչն էր, 1946 թ.-ից՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված ՀԽՍՀ առողջապահության մինիստրության ռենտգենաբանության և ուռուցքաբանության (1977 թվականից՝ Բ. Ա. Ֆանարջյանի անվան) ԳՀԻ-ի կենտրոնի ղեկավարը։ ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ էր, կենսաբանական (1956-1959), բժշկական (1960-1963) գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարը։

Բ. Ֆանարջյանի որդիներն են ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1984),  ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ, Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980) Վիկտոր Ֆանարջյանը (1929-2003), բ.գ.թ., դոցենտ Կոնստանտին Ֆանարջյանը (ծ. 1937): Մեծ գիտնականի հարսները, թոռներն ու ծոռները, բոլորն անխտիր բժիշկներ են, ոլորտի գիտնականներ ու  խոշորագույն բուժհիմնարկների ղեկավարներ:

ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է ակադեմիկոս Բ. Ֆանարջյանի անվանական կրթաթոշակ։

Հայրենապաշտ գիտնական Բ. Ֆանարջյանը սիրել է երկար քայլել իր հայրենի Ախալցխայում, իր պաշտելի Մարդա թաղամասում: Ախալցխացիները լավ են հիշում վերջերս քանդված  հայտնի «Ճոճվող կամուրջը» (“Качающийся мост”), որը ժամանակին կառուցել է ակադեմիկոսի հայրը՝ հմուտ արհեստավոր Արտեմ Ֆանարջյանը:

Բարդուղիմեոս Ֆանարջյանը ոչ միայն հռչակավոր գիտնական էր, այլև սեփական հայրենիքին անմնացորդ նվիրված քաղաքացի, հոգատար բժիշկ: Ինչպես նա, այնպես էլ նրա ժառանգներն ու տոհմի անդամները կարող էին ապրել և գիտական-մասնագիտական գործունեություն ծավալել առավել մեծ կենտրոններում նրանց գրկաբաց ընդունել և շարունակում են ընդունել աշխարհի ցանկացած մայրցամաքում: Այդուհանդերձ, Ֆանարջյանները որտեղ էլ որ մեկնել են ուսանելու կամ գիտական վերապատրաստումներ անցնելու, հետ են վերադարձել հայրենիք և դժվարին պայմաններում նվիրվել Հայաստանի բժշկության բազմաթիվ ոլորտների կայացմանը: Ինքը՝ Բարդուղիմեոս ֆանարջյանը, Ալ. Թամանյանի, Մ. Սարյանի և այլոց հետ Խորհրդային Հայաստան եկավ 1920-ական թթ. և լծվեց հայրենիքի շենացման գործին: Հետևելով տոհմի նահապետի պատգամներին՝ այսօր ևս Ֆանարջյան գերդաստանն իր երեք տասնյակի հասնող անվանի բժիշկներով բացառապես  ապրում և գործում է Հայաստանի Հանրապետությունում:

2003 թ. Լևոն Կանցյանի հեղինակությամբ լույս տեսավ “Լույսի և հույսի կանթեղներ” գիրքը, որտեղ մեկ առ մեկ ներկայացվում են ծնունդով Ջավախքից (Ախալցխա, Ախալքալաք և հարակից շրջաններ) մի շարք նշանավոր բժիշկների կենսագրականները: Երբեմնի մեծահամբավ հայրենակիցների գիտական ավանդույթներն ի թիվս այլոց այսօր ԵՊԲՀ-ում շարունակում է Ախալցխայի նվիրյալ զավակ, ախալցխացիների տեղաբնիկության փաստի ջատագով, երիտասարդ բժիշկ,  ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Ֆանարջյան տոհմի արմատների, տոհմի նահապետ Բարդուղիմեոս Ֆանարջյանի, նրա հռչակավոր ժառանգների ու Ախալցխայի նորօրյա սերնդի ապագայի մասին զրուցում ենք ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, Առողջապահության նախարարության  գլխավոր նյարդավիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր, Ֆանարջյանների տոհմի 3-րդ սերնդի ներկայացուցիչ Ռուբեն Ֆանարջյանի և Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Հակոբյանի հետ:

Ռադիոհաղորդումը կարոք եք լսել այստեղ:

03 Դեկտեմբեր 2015