116345292_782982675801562_9195638036281242115_n

Հուլիսի 26-ին Աշուղ Ջիվանու ծննդավայր Կարզախ գյուղում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և  Ջիվանու տուն-թանգարանի համատեղ ջանքերով նշվեց Ջիվանական օրը, որն այս անգամ կորոնավիրուսային համաճարակի պատճառով փոքրամասշտաբ էր:

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակի տնօրենը, Կարզախ գյուղի հոգևոր հովիվը  և գյուղի բնակիչները:

Տոնակատարության ընթացքում համերգային ելույթներով հանդես եկան Կարզախի՝ Ջիվանու անվան երգի-պարի անսամբլի սաները: Միջոցառման սկզբում նրանք  ներկայացրին Կարզախ գյուղի պատմությունը, ապա Ջիվանու կյանքն ու ստեղծագործությունը, մեծերի մտքերը Ջիվանու մասին: Այս ամենը ուղեկցվեց Ջիվանու երգերով և ազգագրական պարերով, որոնց միացավ նաև միջոցառման հանդիսատեսը:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու կիսանդրու առջև և հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, ապա մասնակցեցին Կարզախի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագին:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրումը ակտիվացրեց մշակութային կյանքը Ջավախքում, հատկապես Կարզախ գյուղում.

«ՋԱՀ-ի հիմնադրման օրվանից ի վեր Ջիվանական օր տոնակատարությունը կազմակերպվում է ՋԱՀ-ի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:  Չնայած այս տարի համավարակը ստիպեց շատ ծրագրեր հետաձգել, բայց ՋԱՀ-ը իր կողմից  հիմնադրված և սպասարկվող Ջիվանու տուն-թանգարանի հետ համատեղ որոշեց թեկուզ փոքր մասշտաբով կազմակերպել այս ավանդական միջոցառումը և այդ ձևով վերարժևորել Ջիվանու ստեղծագործական ժառանգությունը»:

Ջիվանու տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղաթելյանը նշեց. «Համավարակի պատճառով թանգարանը այցելուներ չունի, բայց շարունակում է ակտիվ աշխատանքը առցանց հարթակում՝ տնից թանգարան տարբերակով: Այնուամենայնիվ, Ջիվանական օրը տարվա ամենակարևոր միջոցառումն է մեզ համար, և այն անտեսել պարզապես չէր կարելի»:

27 Հուլիս 2020