Ֆոտո (7)

Մարկ Տվենն ասում էր՝ մարդն, ով զուրկ է հումորի զգացումից, զրկված է շատ ավելիից, քան պարզապես հումորի զգացումից:

Այսօր ուզում ենք ձեզ պատմել «Հումորի լիգա» նախագծին մասնակցած Ջավախքի  թիմի մասին:

Եվ այսպես՝  Ջավախքցիները  Շանթում կամ մի թիմի պատմություն:

2019 թվականի օգոստոս ամսին, երբ հայտարարվեց, որ  մեկնարկում է Շանթ հեռուստաընկերության  «Հումորի լիգա» նախագծի 3-րդ եթերաշրջանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը որոշեց, որ պետք է թիմ հավաքագրի և նախագծում ներկայացնի ջավախքյան տերբերվող համուհոտով հումորը:

«Ջավախքին աջակցություն»  հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը պատմում է՝ ինչպես կայացվեց մասնակցության որոշումը և ձևավորվեց թիմը.

 «Ցանկությունը մեծ էր, որ Ջավախքը ներկայանա նաև հումորային ասպարեզում: Իհարկե օբյեկտիվ պատճառներով դիմողները շատ չէին, չնայած որ բոլոր հնարավոր միջոցներով հայտարարությունը տարածվել էր: Բայց թիմը ձևավորվեց՝ կորիզում ունենալով հենց Ջավախքում բնակվող, աշխատող ու գործող երիտասարդներ: Իհարկե սկզբում մտավախություններ կային, քանի որ երիտասարդները բեմ բարձրանալու փորձ չունեին, բայց շատ կարճ ժամանակ անց դրանք բոլորը փարատվեցին: ՋԱՀ-ի աշխատակիցների և աջակիցների (շնորհակալություն «SmartSchool»  կենտրոնի հիմնադիր Մագա Հակոբյանին) ջանքերի շնորհիվ հենց առաջին ելույթի ժամանակ  հասկացանք, որ շատ ուժեղ և ճիշտ թիմ է ձևավորվել. բոլորին միավորում էր մեկ բան՝ հայրենի Ջավախքը և այն որքան հնարավոր է լավ ներկայացնելու մեծ ցանկությունը»:

Մասնակիցներից Մարտին Արոյանն անկեղծանում է, որ սկզբում չէին էլ պատկերացնում, թե թիմն այսքան կսիրվի ու կանցնի նախագծի հաջորդ փուլեր.

«Մտածում էինք հերթական մրցույթն է, որն իրենից այնքան էլ լուրջ բան չի ներկայացնում: Բայց շատ մեծ էր զարմանքը, երբ տեսանք, թե ինչ պատասխանատվությամբ էին նախագծին մոտենում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Հումորի լիգա նախագծի անձնակազմը: Ամեն ինչ արվեց, որ թիմը պատշաճ ներկայանա. ընտրվեցին ընդհանուր համազգեստ, մարզիչներ  ու սկսվեցին փորձերն ու աշխատանքները ելույթների վրա»:

Որպես թիմի ելույթների առանցքային թեմա էր ընտրվել ջավախքցիների վերաբերյալ գլխավոր կարծրատիպը և շեշտադրվել էր բարբառով խոսելը:

Թիմի անդամները պատմում են, որ ի սկզբանե նպատակ են ունեցել հումորով  կոտրել այն կարծրատիպը, որ ջավախքցիները կռվարար են և խոսել ու ցույց տալ, որ ջավախքցին ունի բնավորության տարբերվող ու յուրահատուկ գծեր, ունի պատվի ու խղճի բարձր զգացում, հայրենասեր է ու տաղանդավոր: Փորձեցին հումորային հարթակն օգտագործել և ևս մեկ անգամ բարձրաձայնել ու հիշատակել  ծնունդով Ջավախքից հայ մեծերին ու նրանց գործը վառ շարունակող նոր սերնդի ներկայացուցիչների անունները:

Սամվել Մկոյանի խոսքով հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը մասնակցել է բոլոր փուլերին, մասնակցել են նաև սցենարի կազմմանն ու հետևել արձագանքներին.

«Ես շատ գոհ եմ  և՛ թիմի անդամներից  և՛ սցենարիստների կատարած աշխատանքից,  իհարկե եղել են սցենարային դրվագներ, որոնք այնքան էլ իմ պատկերացումներին չեն համապատասխանել: Այստեղ պետք է հասկանալ մի շատ կարևոր բան. յուրաքանչյուր նախագիծ ունի իր ձևաչափը և այդ  ձևաչափն է հաճախ թելադրողը դառնում: Մեր հասարակության մեջ բավականին տարածված երևույթ է ոչինչ չանել, առաջարկություններով հանդես չգալ, մասնակից չդառնալ, բայց խոչընդոտել ու քննադատորեն մոտենալ այն մարդկանց աշխատանքին, ովքեր դա անում են: Սա բացասական պրակտիկա է, որից պետք է ազատվել: Եթե ուզում ենք որևէ ոլորտում լավ ներկայանալ ու հաջողություններ գրանցել, պետք է միավորել ուժերն ու միասնական լինել: Ինչպես ՋԱՀ-ի կարգախոսն է մեզ հիշեցնում՝ Միասին ավելի ուժեղ ենք»:

Նախագծի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սուքիասյանն արմատներով Ջավախքից է, և իր համար սկզբունքային է եղել Ջավախքը ներկայացնող թիմի մասնակցությունը:

«Ջավախքի թիմը նախագիծ յուրօրինակ կոլորիտ բերեց:Մասնակիցներից շատերն առաջին անգամ էին բեմ բարձրանում, և ինձ համար շատ կարևոր էր, որ նաև նախագիծը նրանց ինչ-որ բան տա, նրանք աճեն: Կիսաեզրափակչում Ջավախքի թիմի հետ մրցում էր 10 տարուց ավել բեմում կանգնած ու փորձառու թիմ, բայց Ջավախքը պատվով ու արժանապատվորեն մասնակցեց մրցույթին: Բեմում աշխատելու ու ելույթ ունենալու մեջ նրանք այնքան էին աճել, որ իրենք իրենց հաղթեցին»:

«Ջավախքին աջակցություն»  հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը չափազանց կարևորում է Ջավախքի մասնակցությունը հանրային մեծ լսարան ու ճանաչում ունեցող նախագծերի  ու նախաձեռնությունների:

«Այսօր ցավով պետք է նշենք, որ Հայաստանում բնակվողները շատ սակավ ու կարծրատիպային պատկերացումներ ունեն Ջավախքի ու ջավախքցու մասին: Մեր երիտասարդները պետք է փորձեն որքան հնարավոր է ակտիվ լինել բոլոր ոլորտներում, կապ չունի դա հումորային է, երաժշտական, թե սոցիալական: Դա նախ Ջավախքն ավելի հասանելի կդարձնի հայաստանաբնակներին, և երկրորդը՝ կօգնի ևս մեկ անգամ ծանոթանալ Ջավախքի խնդիրներին: Այդ խնդիրները մեր բոլորինն են, ու պետք է օգտագործվի յուրաքանչյուր հնարավորություն ու հարթակ լուծման ուղիներ գտնելու համար»:

Մասնակցությունն այս նախագծին ևս մեկ անգամ փաստեց, որ ջավախքցի երիտասարդները տաղանդավոր են և ակտիվորեն մասնակցում են մշակութային ու հասարակական կյանքին: Իսկ նախագծից թիմի մասնակիցները տարան ջերմ հիշողություններ, լավ ընկերներ, նոր ու հետաքրքիր ծանոթություններ և իհարկե փորձ, որն հետագայում անպայման կկիրառեն:

 

11 Փետրվար 2020