
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցչության կողմից ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել երեխաների տեխնիկական կրթության բազան, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ աշխատուժ, որը կբավարարի օրեցօր աճող պահանջարկը:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում ՏՏ ոլորտի 2016թ լավագույն նախագիծ:
Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի նահանգներում ծրագրի կարևորագույն արդյունքը կլինի տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը և հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծումը, որն էլ հիմքեր և համապատասխան պայմաններ կստեղծի տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու համար:
Կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների վրա, որոնք հիմնականում մշակված են ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից։ Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքներ, ճարտարագիտություն, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:
Ինժեներական լաբորատորիան ներառում է՝ եռաչափ տպիչ, համակարգչային կառավարվող շաղափային CNC հաստոց, «ՍԵՌՈԲ» ռոբոտի հավաքածու, հատուկ ծրագրային գործիքներ, որոնց միջոցով երեխաները ստեղծում են խաղեր, անիմացիաներ, ստանում մաթեմատիկայի, երկրաչափության և ծրագրավորման բազային գիտելիքներ:
Մեկ լաբորատորիայում կարող է սովորել 4 խումբ, յուրաքանչյուր խմբում՝ մինչև 18 աշակերտ:
Յուրաքանչյուր ոք կարող է ֆինանսական աջակցություն ունենալ Ջավախքում «ԱրՄաթ»-ների կառուցման գործում:
Ինչպե՞ս աջակցել նախագծին