100_2161

Ջավախքում սակավաթիվ են մշակութային օջախներն ու կենտրոնները և նույնիսկ նման սակավաթվության պարագայում միշտ չէ, որ վերջիններս գտնվում են բարվոք վիճակում:

         Հրատապ վերանորոգման և վերականգնման խնդրի առջև կանգնած մշակութային կարևորագույն կառույցներից մեկն էլ Վահան Տերյանի տուն-թանգարանն է Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում: Մեծանուն  բանաստեղծի հայրական տունը կառուցվել է 1882թ.-ին, իսկ ցուցասրահը` 1973թ.-ին: Խորհրդային շրջանում որոշ բարենորոգման աշխատանքներից հետո առ այսօր Տերյանի տուն-թանգարանում որևէ վերականգնողական աշխատանք չի իրականացվել, ինչի հետևանքով ցուցասրահում նկարները հնացած և խունացած են, կահավորումն ու տեխնիկական լուծումները՝ ոչ արդիական, իսկ հուշային հատվածը` հայրական տունը, փլուզման եզրին է, քանի որ ծածկի հիմնական գերանների մեծ մասը փտած են, իսկ կրող պատերը՝ խարխուլ: Սակայն տեխնիկական և շինարարական լուծումները միայն բավարար չեն թանգարանին նոր շունչ հաղորդելու համար. թանգարանը բովանդակային տեսանկյունից ևս համալրման և թարմացման կարիք ունի, քանի որ այն հիմնադրվել   է   խորհրդային  ժամանակաշրջանում   և  անցել  է  որոշակի «գրաքննություն», ուստի Տերյանը ներկայացված է  պարզապես որպես աշունը  գովերգող  պոետ`  անտեսելով  նրա  հասարակական, քաղաքական և ազգային նշանակալի գործունեությունը: Այս համատեքստում տերյանագետների  և  գրականագետների  մասնակցությամբ պետք է ծավալուն աշխատանքներ տարվեն արխիվներում էքսպոնատների թարմացման և ավելացման նպատակով:

Հաշվի առնելով, որ 2016 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից իրականացվել է Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը Ախալքալաքի Կարզախ գյուղում, որը բարձր գնահատականների է արժանացել թանգարանագետների և արվեստաբանների կողմից`  մենք նախաձեռնել ենք ՀՀ և Վրաստանի պետական կառույցների և այլ կազմակերպությունների հետ գործընկերությամբ իրականացնել Տերյանի տուն-թանգարանի կապիտալ վերանորոգման և արդիականացման ծրագիրը:

06 Սեպտեմբեր 2018