8

Սույն թվականի հունիսի 8-ին «Ռենեսանս» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Ջիվանու 170-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթ, որից գոյացած ողջ հասույթը կուղղվի Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրին:

Միջոցառման շրջանակներում ջավախահայության հիմնախնդիրների շուրջ էին հավաքվել  պետական, հասարակական և մշակութային գործիչներ, գործարար-բարերարներ, բուհերի ղեկավարներ, ականավոր գիտնականներ, սրտացավ և ջիվանասեր հայրենակիցներ Հայաստանից, Ջավախքից, Թիֆլիսից, ՌԴ-ից և այլ վայրերից: Միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը, ԱԺ մի խումբ պատգամավորներ:

Միջոցառման օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով մեծապես կարևորեց սեփական խնդիրների լուծմանն ուղղված ջավախահայության համախումբ գործունեությունը և իր գոհունակությունն արտահայտեց նման գեղեցիկ միջոցառման կապակցությամբ:

Անդրադառնալով Ջավախքում մշակութային և տնտեսական զարգացման անհրաժեշտությանը` բարերար Սոս Սահակյանն իր խոսքում ներկայացրեց  «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ստեղծման շարժառիթները, կազմակերպության գործունեության երկամյա ուղին ու առաջիկա ծրագրերը:

Երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ով անդրադարձ կատարեց ջավախահության հիմնախնդիրներին և, երախտիքի խոսքեր ուղղելով հայրենի Ջավախքում ապրող և արարող իր հայրենակիցներին,  կոչ արեց անել հնարավորը, որպեսզի պահպանվեն և հարատևեն ջավախահայոց հրաշալի ավանդույթները, կարնո անաղարտ բարբառը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանգամանալից կերպով ներկայացրեց Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրի շրջանակներում մինչ այժմ կատարված աշխատանքները:

Երեկույթում հանդես եկան հանրապետության ճանաչված կատարողներ և խմբեր` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, հեղափոխական երգերի մեկնաբան Սահակ Սահակյանը, Պ. Յավորովի անվան դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկ.` Գագիկ Գինոսյան), հեղափոխական երգերի կատարող Գրիգոր Համբարյանը, ասմունքող Ջիվան Սարգսյանը, երիտասարդ և տաղանդավոր երգիչներ Մավր Մկրտչյանը, Կարինե Մուսիկյանը, Նարեկ Պողոսյանը և այլք:

Բարեգործական ճաշկերույթին մասնակցեցին շուրջ 300 հյուրեր, որոնց, ինչպես նաև միջոցառմանը ֆիզիկապես ներկա չգտնվող սրտացավ հայրենակիցների նվիրատվությունները կհամալրեն Ջավախքի Կարծախ գյուղում աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրի ֆոնդը` նպաստելով  Ջավախքում ցանկալի մշակութային հաստատության հնարավորինս շուտ ունենալուն:

Ջիվանու տուն-թանգարանի կառուցումը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի 2016թ.-ի առաջնային ծրագրերից է, որի նպատակն է Ջավախքում ստեղծել հոգևոր-մշակութային կենտրոն, որն էլ իր հերթին կդառնա կարևոր գործոն ոչ միայն Ջավախքում հայապահպանության, մշակութային արժեքների և Ջիվանու թողած մեծ ժառանգության ներկայացման գործում, այլ կնպաստի նաև Ջավախքում տուրիզմի զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը:

 

09 Հունիս 2016