S3540025

Արցախին և առաջնագծում կանգնած զինվորներին զորակցելու նպատալով ս/թ մայիսի 28-29-ին երկօրյա այցով Արցախ էր այցելել ՀՀ գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից կազմված մտավորականների խումբը: Պատմաբաններով, քաղաքագետներով, գրող-գրականագետներով, բնագետներով, ազգագրագետներով ու այլևայլ ոլորտի ակնառու ներկայացուցիչներով բաղկացած խմբի համար հենց առաջին օրը պաշտոնական ընթրիք տրվեց Արցախի Նախագահ Բակո Սահակյանի կողմից, որին ներկա էին նաև ԱՀ վարչապետը, ՊԲ և Մշակույթի նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Այցի երկրորդ օրը, բաժանվելով տարբեր խմբերի, մտավորականներն այցելեցին առաջնագծի տարբեր հատվածներ և հանդիպեցին զինվորների ու սպայակազմի հետ: Առաջնագծի դիտակետերում, պաշտպանական կառույցներում և զորամասերում հանդիպելով զինվորների ու սպայակազմի հետ՝ մտավորականները հանդես եկան մի շարք ելույթներով, լսեցին նաև զինվորներին, քննարկեցին առկա տարաբնույթ հարցեր: Քաղցրավենիքի հետ մեկտեղ մտավորականները զինվորականներին հանձնեցին պատմագիտական, ազգագրական, գրական-գեղարվեստական ու գիտահետազոտական բնույթի տարբեր գրքեր, հանդեսներ ու թերթեր:

Այցն ամփոփվեց Արցախի Նախագահի նստավայրում՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ մտավորականների այցելությունն իրականացվել էր գրող – հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կազմակերպական և “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանի նյութական աջակցությամբ: Այցը տեղում կոորդինացվում էր ՀՀ կառավարության ներկայացուցիչների կողմից:

30 Մայիս 2016