NKarner (9)

 Նպատակ ունենալով ամերիկայահայությանը ներկայացնել Ջավախքում առկա բազմաոլորտ հիմնախնդիրները և հանրության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ հունիսի 6-ին Լոս Անջելես քաղաքի Պոլսահայերի միության շենքում տեղի ունեցավ «Ջավախքում հայապահպանությունը և արդի մարտահրավերները» թեմայով քննարկում ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բարերար Սոս Սահակյանի հետ։ Օրը նշանավորվեց նաև ՋԱՀ-ի լոսանջելեսյան շնորհանդեսով։ Միջոցառման մասնակիցների շարքում էին գործարարներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ,  մշակութային գործիչներ և մտավորականներ, բժիշկներ, կազմակերպությունների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և այլք, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում արմատներով ջավախահայերը: Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր և մտահոգություններ Ջավախքի մի շարք ոլորտներում առկա հիմնահարցերի վերաբերյալ: Քննարկման մասնակիցները հանդես եկան ջավախահայությանն օժանդակելու վերաբերյալ մի շարք առաջարկներով՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել մի շարք ծրագրերի:

 Բարերար, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը հայ համայնքին ներկայացրեց նաև Հիմնադրամի անցած մեկամյա բովանդակալից ճանապարհը, իրականացված ծրագրերը, որոնցից շատերը նաև շարունակվում են այսօր։ Խոսելով «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի մասին՝ Ս. Սահակյանը նյութականից առավել կարևորեց բարոյական այն ահռելի դրդիչ ուժը, որը կնպաստի ապագայի հանդեպ ջավախահայերի լավատեսության ձևավորմանը, հայրենի հողում ամրանալու և արարելու ցանկությանը։ Ս. Սահակյանը ներկայացրեց նաև ՋԱՀ-ի նախաձեռնած ևս մեկ՝ Ջավախքի Կարծախ գյուղում մեծանուն աշուղ Ջիվանու տուն-թանգարանի ստեղծման ծրագիրը, որի աշխատանքներն այժմ ընթացքի մեջ  են։

Ելույթներով հանդես եկան նաև հայ համայնքի, տեղական իշխանությունների, հոգևոր դասի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչեր։

Միջոցառման ավարտին որոշվեց ամերիկաբնակ ջավախահայերին և այլ շահագրգիռ անձանց հետագա առավել համախմբման և իրականացվելիք ծրագրերի մեջ ներգրավելու համար ԱՄՆ-ում հիմնել ՋԱՀ-ի ներկայացուցչություն: Նորաստեղծ ներկայացուցչության շուրջ համախմբվելու և տարաբնույթ ծրագրերին օժանդակելու գաղափարը ողջունվեց բոլոր ներկաների կողմից:

NKarner (1) NKarner (2) NKarner (4) NKarner (5)

NKarner (7) NKarner (8) NKarner (9)

06 Հունիս 2015