
Ս/թ դեկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի շենքում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հաշվետու առաջին հավաքը, որի նպատակն էր 2014 թվականի նոյեմբերին կազմակերպված բարեգործական երեկոյի նվիրատուներին տրամադրել անհատական ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև ներկայացնել Հիմնադրամի ծրագրերը:
Միջոցառմանը ցուցադրվեց ՋԱՀ-ի 2014 թվականի գործունեության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմ: ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը ներկայացրեց Հիմնադրամի կողմից իրականացված, ընթացիկ և առաջիկա ծրագրերը` հատկապես կարևորելով «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» և «Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման» ծրագրերը:
Հավաքի վերջում նախորդ տարվա նվիրատուներից շատերը այս տարի ևս դրամական միջոցներ ուղղեցին վերոնշյալ 2 ծրագրերի իրականացմանը: Ծրագրերին միացան նաև նոր նվիրատուներ: Հատկանշական է, որ նվիրատուների շարքում ոչ միայն արմատներով կամ ծնունդով ջավախահայեր են, այլև Հայաստանի տարբեր մարզերի մեր հայրենակիցներ: