1

Ս/թ նոյեմբերի 14-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հաշվետու առաջին հավաքը, որի նպատակն էր 2014 թվականի աշնանը կազմակերպված բարեգործական-համերգ երեկոյի նվիրատուներին տրամադրել անհատական ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև ներկայացնել Հիմնադրամի կողմից իրականացված, ընթացիկ և առաջիկա ծրագրերը:
Հավաքին ներկա էին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, հիմնադիրներ, բարերարներ, համակիրներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և բարձրաստիճան հոգևորականներ:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց ՋԱՀ-ի համահիմնադիր, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի խոսքով, ով որակեց ՋԱՀ-ը որպես նպատակասլաց, ապաքաղաքական կառույց, որը մեկ գաղափարի շուրջ շարունակում է համախմբել Ջավախքի խնդիրների նկատմամբ սրտացավ մարդկանց։ Նա ընդգծեց, որ ՋԱՀ-ը Ջավախքի համար պետք է ստանձնի այն դերը, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար:
Հավաքին ողջունի խոսքով հանդես եկավ նաև բարերար, ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն, ով ներկայացրեց վերջին շրջանում ՋԱՀ-ի` ԱՄՆ, ՌԴ կատարած այցերի, շնորհանդեսների արդյունքները, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Ս. Սահակյանի համոզմամբ ՋԱՀ-ը շուրջ երկամյա գործունեության ընթացքում արդեն իսկ գրանցել է լուրջ հաջողություններ և հստակ քայլերով շարժվում է առաջ:
Միջոցառմանը ցուցադրվեց նաև ՋԱՀ-ի 2014 թվականի գործունեության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմ: Այնուհետ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը ներկայացրեց Հիմնադրամի կողմից իրականացված, ընթացիկ և առաջիկա ծրագրերը: Ա. Հակոբյանն իր խոսքում ընդգծեց ազնիվ և թափանցիկ աշխատելու կարևորությունը, նվիրտուներին անհատապես հաշվետու լինելու հանգամանքը:
Միջոցառմանը ՋԱՀ-ի հետ համատեղ ծրագրերը ներկայացրեցին նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հ. Եորդեկյանը խոսեց ՀԲԸՄ-ի և ՋԱՀ-ի միջև ձևավորված բարեկամական, գործակցային մթնոլորտի մասին, ընդգծեց Ջավախքի հիմնախնդիրների կենսականությունը: Ցուցադրվեց նաև ՀԲԸՄ-ի մասին պատմող ֆիլմ:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մ. Լ. Փափազեանը ներկայացրեց Կենտրոնի առաքելությունը և Ջավախքում «Թումո» կենտրոնի ստեծման ՋԱՀ-ի հետ համատեղ կարևոր նախաձեռնությունը:
Ներկայացվեց նաև ՋԱՀ-ի և Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի` Ջավախքում տնտեսական զարգացման համատեղ ծրագրի նախագիծը, որի գյուղական տուրիզմի զարգացման բաղկացուցչի մասին խոսեց «Գարդման տուր» զբոսաշրջության ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանը:
Ընդառաջ գնալով 2014 թվականի աշնանը կազմակերպված բարեգործական-համերգ երեկոյի նվիրատուների ցանկությանը` հավաքի ավարտին նվիրատուներին հնարավորություն ընձեռվեց ՋԱՀ-ին փոխանցել այս տարվա իրենց նվիրատվությունները:

1 2 3 4

5 6 7 8

16 Նոյեմբեր 2015