6

Օրերս Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում տեղի ունեցավ “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Կրասնոդարի երկրամասի գրեթե բոլոր քաղաքների ծնունդով Ջավախքից գործարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևանից Կրասնոդար էին մեկնել նաև ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամ Սերգեյ Վանցյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և գործադիր վարչության այլ ներկայացուցիչներ:
Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել Ջավախքում առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները և ՋԱՀ-ի իրականացրած, ընթացիկ և առաջիկա ծրագրերը:
ՋԱՀ-ի բարերար, Խորհրդի նախագահ Ս. Սահակյանն իր ելույթում ներկայացրեց ջավախահայությանը հուզող հարցերը, ընդգծեց ջավախքցու համար սեփական հողում արարելու և ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը և դրան ուղղված ՋԱՀ-ի գործունեությունը հասարակական կյանքի կրթամշակութային, գիտական, սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում:
ՋԱՀ-ի գործունեության վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով` Ա. Հակոբյանը ներկայացրեց ՋԱՀ-ի ստեղծման շարժառիթները, շուրջ երկամյա բովանդակալից ճանապարհը, ընթացիկ ծրագրերի մամրամասներ, Հիմնադրամի որդեգրած առաքելությունն ու հայ-վրացական համագործակցությանն ուղղված քայլերը:
Քննարկման մասնակիցները հանդես եկան ջավախահայությանն օժանդակելու վերաբերյալ մի շարք առաջարկներով՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել ՋԱՀ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Այցելության շրջանակներում ՋԱՀ-ի պատվիրակությունն ընդունելության արժանացավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդարանում, որտեղ տեցի ունեցավ հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մովսես Եպիսկոպոս Մովսեսյանի և հոգևորական բարձր դասի այլ ներկայացուցիչների հետ:

1 2 3 5

6 4

20 Հոկտեմբեր 2015