A_2073

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հերթական նիստը` նախագահ Մարտին Սարգսյանի նախագահությամբ: Պալատի մասնակից անդամների թվում էին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և խորհրդի անդամ Կարեն Գոմցյանը:
ՋԱՀ-ի գործադիր վարչության ներկայացուցիչները ևս պատիվ ունեին ներկա գտնվելու նախագահության նիստին և ներկայացնելու Հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:
Նիստի օրակարգային հարցերը քննարկելիս` ՀՀ ԱԱՊ առևտրի և սպառողական շուկայի զարգացման հանձնաժողովի նախագահ, հայ-վրացական համագործակցության հարցերով պատասխանատու Ս. Սահակյանը ներկայացրեց տնտեսական ոլորտում հայ-վրացական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու արդյունքները և այդ գործում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի դերը: Իր խոսքում Ս. Սահակյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ՋԱՀ-ի նախաձեռնած Ջավախքում իրականացվող տնտեսական-ներդրումային ծրագրերին, որոնք մասնակիցների կողմից ընդունվեցին մեծ գնահատանքով և համագործակցության ու աջակցության առաջարկներով:
ՋԱՀ-ի գործունեության վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով` ՋԱՀ-ի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց ներկայացնել իրենց ծրագրերը, մասնավորապես Ջավախքի Կարծախ գյուղում մեծանուն աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագիրը: Քննարկումներն ուղեկցվեցին ծրագրի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ, որից հետո, կարևորելով աշուղին արժանավայել մշակութային հաստատություն հիմնելու անհրաժեշտությունը, ՀՀ ԱԱՊ անդամ բազմաթիվ գործարարներ պատրաստակամություն հայտնեցին իրենց մասնակցությունն ունենալ տուն-թանգարանի ստեղծմանը:
Այսպիսով, հանդիպումն արդյունավետ համագործակցության լուրջ հիմքեր դրեց ինչպես ՀՀ ԱԱՊ-ի, այնպես էլ առանձին գործարարների և ՋԱՀ-ի միջև:

A_2074 A_2075

18 Օգոստոս 2015