1 (2)

«Ջիվանիական օրեր» տոնակատարությունների խորհրդանշական օրը Ջավախքի Ախալքալաք քաղաքում պաշտոնապես իր դռները բացեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության գրասենյակը: Հիշեցնենք, որ Հիմնադրամի ներկայացուցիչների մեկամյա աշխատանքների, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների հետ պարբերական և փոխադարձ շահագրգիռ շփումների արդյունքում 2015 թ. մարտի 26-ին ՋԱՀ-ը պաշտոնապես գրանցեց իր ներկայացուցչությունը Վրաստանում (ք. Ախալքալաք):

Գրասենյակի հիմնումով ՋԱՀ-ի գործունեությունը Ջավախքի տարբեր շրջաններում դառնալու է առավել ինտենսիվ ու ծավալային առումով առավել մասշտաբային: Գրասենյակը ոչ միայն կոորդինացնելու է ՋԱՀ-ի՝ Երևանում նախագծվող ծրագրերը, այլ նաև ներկայացուցչությունն ունենալու է իր սեփական ծրագրերը: Դրանցից առաջնայինը ՋԱՀ-ի ներկայացուցիչները համարում են ներկայացուցչության շրջանակներում իրավական աջակցության կենտրոնի հիմնումը, որտեղ ամենատարբեր հարցերի հետ կապված ջավախահայությանը կմատուցվի անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Գրասենյակի բացմանը ներկա էին Ջավախքի բոլոր շրջանների ղեկավարները, բարձրաստիճան հյուրեր՝ ՀՀ-ից ու Թիֆլիսից, բազմաթիվ գործարարներ Ռուսաստանի Դաշնությունից: Գրասենյակի բացումը տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանի օրհնությամբ: Բացմանն հանդսույթի շրջանակներում ընթերցվեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յու. Վարդանյանի, ՋԱՀ–ի լոսանջելեսյան ներկայացուցիչ Գագիկ Պետրոսյանի, Արմավիրի հայ համայնքի ղեկավար Գրիգոր Կարապետյանի, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի և այլոց ուղերձները:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և հայ գործարար դաշտի մի շարք ներկայացուցիչներ հանդես եկան առաջարկով, որով, ողջունելով ՋԱՀ-ի ախալքալաքյան գրասենյակի հիմնումը, իրենց պատրաստակամությունն էին հայտնում համախմբվելու ՋԱՀ-ի նախաձեռնած տնտեսական-ներդրումային ծրագրերին և առաջարկում էին այդ առթիվ հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ ՋԱՀ-ի առաքելությունն է նպաստել Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը և ավելացրեց, որ ներկայացուցչության բացումը գործնական քայլ է հենց այս ոլորտներում կարճ ժամանակահատվածում շոշափելի առաջընթացի համար։

1 (1) 1 (2) 1 (3) 1 (4)

1 (5) 1 (6) 1 (7) 1 (8)

28 Հուլիս 2015