banner

Ջավախքի ամենաբարձր` Աբուլ լեռան ստորոտին բազմած Օլավերդ գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 196 հոգի, որոնցից 82-ը զոհվել են: Ի նշան հարգանքի և խոնարհումի` Օլավերդ գյուղի զավակ, ռուսաստանաբնակ բարերար, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Պերմի ներկայացուցչության պատասխանատու Գրիգոր Տաշչյանի կողմից վերջին տարիներին գյուղում իրականացված մի շարք բարեգործությունների շարքում հիմնվեց նաև Մեծ հայրենականի հուշահամալիրը, որտեղ քանդակվեցին բոլոր մասնակիցների անունները:

Յուրաքանչյուր տարվա մայիսի 9-ը դեպի հուշահամալիր է ձգում բազմաթիվ մարդկանց, համագյուղացիների ու հյուրերի, երիտասարդների ու դպրոցականների: Օրվա խորհուրդը վերստին բոլորի մոտ արթնացնում է հպարտության ու հայրենասիրության վեհ զգացումներ:

2015 թ. մայիսի 9-ը կրկին մարդաշատ էր Օլավերդի Մեծ հայրենականի հուշահամալիրում, Հայրենականի մասնակիցների փորագրված անունների առջև կրկին հնչեցին մեծարանքի ու երախտիքի խոսքեր, վերստին արթնացան հուշերը, հույզերը, մտորումները: Հիշեցնենք, որ քարեղեն անունների կրողներից շատերը դեռ պատերազմի օրերից այլևս չեն վերադարձել իրենց սիրելի Օլավերդը, իսկ վերադարձողներն անցած յոթանասուն տարիների ընթացքում կամաց-կամաց համալրել են գյուղի գերեզմանոցը:

Եվս մի քանի տարի, և մեր շարքերում այլևս դժվար կլինի տեսնել Մեծ հայրենականի կենդանի վկաներին` քաջարի, համեստ ու նվիրյալ մեր պապերին, մարդիկ, որոնց պանծալի  անունները երբեք չեն մոռացվի:

Վ. Սարգսյան

DSC07222 DSC07221 DSC07220 DSC07219

DSC07218 DSC07217 DSC07214 DSC07213

DSC07212 DSC07211

12 Մայիս 2015