Harutyunyan Kliment

ՀՀ Ազգային արխիվի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նյութական օժանդակությամբ հրատարակված «Ջավախքահայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945 թթ.)» (Երևան, 2014) գրքի շնորհանդեսը: 

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ. Մելքոնյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, հասարակական-քաղաքական գործիչներ,  գրողներ, մտավորականներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՋԱՀ-ի ներկայացուցիչները։  

ՀԱՂԹՆԱԿՆԵՐԻ ՃԱՄՓՈՎ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նյութական օժանդակությամբ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի խմբագրմամբ հրատարակել է պ.գ.դ., պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանի հեղինակած «ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ 1941-1945 թթ.» արժեքավոր գիրքը, որտեղ ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի նյութերի, համապատասխան գրականության և մամուլի հիման վրա առաջին անգամ հայ պատմագիտության մեջ լուսաբանվում է Ջավախքի (հիմնականում՝ Ախալքալաքի շրջանի) հայության 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակցության հիմնահարցը: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած, Փառքի շքանշանի երեք աստիճաններով պարգևատրված և գեներալի ու ծովակալի կոչման արժանացած ջավախքահայերի կատարած սխրանքների, ինչպես նաև թիկունքի աշխատավորների հերոսական աշխատանքի վերհանմանը:

Գիրքը հպարտության մեծ զգացումներ է արթնացնում յուրաքանչյուր ջավախահայի սրտում: Նկարագրված յուրաքանչյուր հերոսական դրվագ, անձնուրաց նվիրում և մարտական խիզախություն, որոնցով բնորոշվում են գրքում տեղ գտած կամ չգտած անձնավորությունները, ունի դաստիարակչական մեծ նշանակություն, քանի որ արժեքային խառնաշփոթի պայմաններում վաղուց արդեն ժամանակի հրամայական է դարձել ջավախահայ հերոսների օրինակելի վարքագծի ներկայացումը և պրոպագանդումը նորօրյա սերդի շրջանում: Ի վերջո՝ այդ մարդիկ, պաշտպանելով Խորհրդային Միությունը, պաշտպանել են իրենց մայրերին ու քույրերին, իրենց գյուղն ու քաղաքը, իրենց հարազատ շրջանն ու երկիրը: Հանուն այդ արժեքների շատերը կյանքով հատուցեցին, շատերը դարձան հաշմանդամ, շատերը մատնվեցին սովի, չքավորության, տեսան իրենց հարազատների զրկանքները, բայց պահպանվեց ամենակարևորը, որը ոչ ոք չկարողացավ սպանել. դա հայի գաղափարական, ոգեղեն տեսակն էր, որը կռվեց, հաղթանակը տոնեց Բեռլինի պատերի տակ ու … կրկին մտավ Հայրենի Ջավախք: Ահա այս ոգու ամրության ու հարատևության, տեսակի անսասանության գաղափարն է իր մեջ կրում սույն գիրքը, որն անհնար է կարդալ առանց հուզմունքի ու ներշնչանքի: 

Խոնարհվե՛նք մեր հաղթանակները կրող գաղափարակիր հայորդիների ապրող և ապրեցնող հիշատակի առաջ: 

պ.գ.թ. Վահե Սարգսյան

Հասանելի է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը:

IMG_5674IMG_5689

04 Մայիս 2015