sarqac

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրով շարունակում է դրամական պարգևներ տրամադրել Ջավախքի բոլոր շրջանների բազմազավակ ընտանիքներին: 2014 թ. փետրվարի 14-ին հերթական նվիրատվությունը տեղի ունեցավ Ջավախքի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, որտեղ իրենց պարգևավճարը ստացան Անդրանիկ Պետրոսյանի, Շիրազ Նահապետյանի և Սերգեյ Հակոբյանի ընտանքիները: Պարգևավճարի հանձման արարողությունը տեղի ունեցավ Դամալայի մշակույթի տանը, որտեղ հավաքված բազմաթիվ դամալացիները և՛ իրենց շնորհակալանքի խոսքն ասացին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ողջ անձնակազմին ու հիմնադրամի շուրջը համախմբված համակիրներին, և՛ միաժամանակ իրենց ելույթներում բարձրաձայնեցին Դամալային հուզող հիմնականում երեք խնդրի մասին՝ գյուղի մշակույթի տան վերանորոգման անհրաժեշտություն, մանկապարտեզի բացակայություն և արարողությունների տան բացակայություն: Ելույթ ունեցան գյուղի լիազոր-ներկայացուցիչ Գուրգեն Թումասյանը, Մինաս Տոնականյանը և այլք, որոնք, մատնանշելով նշյալ խնդիրները, այդուհանդերձ, գոհունակությամբ շեշտեցին, որ բոլորովին վերջերս գյուղն ունեցավ շրջկենտրոնին կապող ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհ, գյուղի բարերարների շնորհիվ հիմնանորոգվել և հիմնվել են դպրոցական մի շարք կաբինետներ ու սրահներ և այլն: Գյուղում 2013 թ. հիմնվել և գործում է «Դամալա» բարեգործական հիմնադրամը:

Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան Երևանից այդ առթիվ հայրենի գյուղ ժամանած ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Սահակյանը, գործադիր տնօրեն Ա. Հակոբյանը: Վերջիններս իրենց խոսքում հույս հայտնեցին, որ ՋԱՀ-ի գործունեության ընդլայնմամբ և համակիր – նվիրատուների քանակի ավելացմամբ մոտ ապագայում հնարավոր կլինի ընդլայնել բարեգործական ծրագրերն ու անդրադառնալ նորանոր խնդիրների:

Հիշեցնենք, որ «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրով Դամալայում մինչ օրս աջակցություն է ստացել ութ ընտանիք:    

image-16-02-15-10-06 image-16-02-15-10-06-1 image-16-02-15-10-06-2 image-16-02-15-10-06-3

image-16-02-15-10-06-4 image-16-02-15-10-06-5 - Copy

17 Փետրվար 2015