unnamed

Հոկտեմբերի 30-ին “Ջավախքին Աջակցություն” հիմնադրամը հերթական անգամ դրամական օժանդակություն ցուցաբերեց 2014 թ.- ի հունվարի 1-ից հետո   երրորդ եւ ավելի երեխա ունեցող ջավախահայ ընտանիքներին, ինչպես նաեւ վեցից ավելի երեխա ունեցող ընտանիքներին: Այս անգամ աջակցություն ստացող ընտանիքները յոթն էին:

Գումարի փոխանցման արարողությունը տեղի ունեցավ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի գրասենյակում: Արարողությանը ներկա էր “Ջավախքին Աջակցություն”  հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ,  բարերար Սոս Սահակյանը:

Բարերար  Սոս Սահակյանը շնորհավորեց նորածին երեխաների ծնողներին եւ ՋԱՀ-ի Ախալցխայի բաժնի պատասխանատուի հետ գումարները փոխանցեց ընտանիքներին: Նրա խոսքերով «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը հիմնադրամի գլխավոր ծրագրերից է։ Իրենք ցանկանում են նաև  աջակցել Սամցխե-Ջավախքում մշակույթի եւ արվեստի զարգացմանն ու պահպանմանը:

Սահակյանի խոսքերով Ախալցխան արդեն մի քանի դար է, ինչ հայ ազգին տալիս է բազմաթիվ գիտնականներ եւ մշակույթի խոշոր գործիչներ, եւ հիմա տվյալ էստաֆետը փոխանցվել է նոր սերնդին, սակայն կարծես ներկա պահին նվազել է տվյալ տենդենցը, եւ ահա ՋԱՀ-ի նպատակներից մեկն է նաեւ պահպանել ու ամրապնդել այն, ինչ կա:

ՋԱՀ-ի Ախալցխայի պատասխանատու  Էդուարդ Այվազյանի խոսքերով Ջավախքին  Աջակցություն  հիմնադրամը բավական երիտասարդ կառույց է եւ ունի ընդամենը մեկ տարվա պատմություն, սակայն այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը կատարել է մեծ գործ հատկապես Ջավախքում ծնելիության խրախուսման գործում, եւ կան նաեւ շատ մեծ հույսեր կազմակերպության գործունեության հետ կապված, որ ՋԱՀ-ը ավելի հզորանալով պետք է նպաստի տարածաշրջանի մշակութային, հոգեւոր եւ կրթական ոլորտների զարգացմանը:

 Բարերար Սոս Սահակյանը ծանոթացավ նաեւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի բարեկարգման եւ նկուղային հարկի վերանորոգման աշխատանքներին,  օժանդակելու համար կատարեց նյութական նվիրատվություն:

 ՋԱՀ-ի Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը հաջորդ մասը այսօր տեղի ունեցավ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում, որտեղ բազմազավակ ընտանիքների եւ նորածին երեխաների ծնողները հիմնադրամի կողմից ստացան նյութական օժանդակություն:

31 Հոկտեմբեր 2014