SOS4444

80817360

Սեպտեմբերի 6-ին մեծ շուքով բացվեց Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնը: Նմանատիպ երիտասարդական կրթամշակութային կենտրոններ 2006-2007 թվականներից գործում էին Ախալցխայում եւ Ախալքալաքում, եւ վաղուց  ժողովրդի շրջանում կարիք էր զգացվում նմանատիպ կենտրոն բացել նաեւ քաղաք Նինոծմինդայում:

Կենտրոնի շինությունը գնվել եւ վերանորոգվել է ԱՄՆ արեւմտյան ափի եւ Ֆրանսիայի «Ջավախք» հանձնախմբերի նվիրատվության շնորհիվ:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից, սփյուռքից եւ Վրաստանի տարբեր շրջաններից: Հյուրերի շարքում էին քաղաքական, հասարակական, մշակութային եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ:

Բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ, սենատոր Լյուք Քաոունասը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը, Եվրախորհրդում Ֆրանսիայի  պատվիրակության նախագահը, Եվրախորհրդի փոխնախագահ Ռենե Ռուքեն, Ֆրանս-Ջավախք հանձնախմբի նախագահ Ժիրայր Կարապետյանը, Ֆրանսիայի մի շարք քաղաքների փոխքաղաքապետեր եւ այլ պաշտոնյաներ:

Հայաստանի Հանրապետությունից ժամանած հյուրերի շարքում էին Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների վարչության Կովկասի բաժնի ղեկավար Տարոն Շագոյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Կարեն Մելիքյանը, “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գործարար Սոս Սահակյանը  եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու մտավորականներ:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին նաեւ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հայր Բաբկեն Սալբիյանը եւ Նինոծմինդայի քահանա Տեր Արմաշը:

Տեղական իշխանության ներկայացուցիչներից ներկա էին Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավարի տեղակալը եւ Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

Կենտրոնի բացման ժապավենը կտրեցին Ջավախքի ծրագրերի օժանդակության հանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսյանը եւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ, սենատոր Լյուք Քաոունասը, որից հետո Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը թեմի քահանաների հետ միասին օրհնության կարգ կատարեց նորաստեղծ երիտասարդական կենտրոնում:

Օրհնության արարողությունից հետո հյուրերը հանդես եկան խոսքերով եւ իրենց նվերները նվիրաբերեցին նորաստեղծ երիտասարդական կենտրոնին:

Բացման արարողության ավարտին Ախալցխայի եւ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնների սաները հանդես եկան բազմաթիվ բանաստեղծություններով, պարերով եւ երգերով:

 s96165911 s42303368 s31223319 49572441

08 Սեպտեմբեր 2014