000

000

2014 թ. օգոստոսի 6-ը հյուրառատ ու մարդաշատ էր Ջավախքում։ Առիթը ք. Ախալքալաքը Թափարվան գետի վրայով Խուլգումո և հարակից գյուղերին միացնող հետիոտնի համար նախատեսված կամրջի բացումն էր, որի նախաձեռնության հեղինակն ու բարերարն է ծնունդով Խուլգումո գյուղից, ռուսաստանաբնակ գործարար Թումաս Չիվչյանը։ Թեև ծրագրի մեկնարկի համար դիմումը տրվել է դեռ 2010 թ., սակայն կամրջի շինարարությունն սկսվել է շուրջ 2 տարի անց՝ 2012 թ. ամռանը, որն ավարտին է հասցվել 2013 թ. վերջերին։ Կամրջի երկարությունը 182 մ է, լայնությունը՝ 2 մ, իսկ բարձրությունը՝ 41 մ: Կամուրջը մոտ 3 կմ կրճատում է գյուղը քաղաքին միացնող ճանապարհը, որի կառուցման համար բարերարը ծախսել է մեկ միլիոն (1 000 000) լարի։

Կամրջի կառուցման գաղափարը բարերարի մոտ եղել է դեռ մանկությունից. Թ. Չիվչյանի հայրը եղել է հաշմանդամ և Ախալքալաք աշխատանքի գնալու համար նա մեծ դժվարություն է կրել ձորն իջնել-բարձրանալիս։ Ականատես լինելով հոր այս դժվարություններին՝ Թ. Չիվչյանը հաստատորեն որոշում է կայացնում՝ մեծանալով փող վաստակել և կառուցել կամուրջ, որ այլևս ոչ մի համագյուղացի, լինի նա հաշմանդամ, ծեր, կին թե երեխա, դժվարություններ չունենա քաղաք մեկնելիս։ Եվ այսօր ահա, տասնամյակներ անց՝ կամքի, նվիրումի ու հավատամքի շնորհիվ իրականություն է դառնում Թումաս Չիվչյանի նվիրական այս երազանքը։ Անգամ ավելորդ է ներկայացնել, թե կամուրջն ինչպիսի կարևորություն ունեցող ենթակառուցվածք է գյուղի համար, որի բնակիչները քաղաք կարող են հասնել հեշտությամբ, կարճ ժամանակում և առանց որևէ դժվարություն կրելու։ Հիրավի, իրականացավ ոչ միայն բարերարի, այլև ողջ համագյուղացիների դարավոր երազանքը, որը ոչ միայն սոսկ ենթակառուցվածք է, այլև՝ Թափարվան գետի զարդը, շրջանի գեղեցկություններից մեկը, որն իրեն կարող է ձգել բազմաթիվ այցելուների։

Բացմանը ներկա էին Ախալքալաքի շրջանի ղեկավարությունը, Հեշտիա գյուղի հոգևոր առաջնորդը, կամուրջը կառուցող շինարարական ընկերության ղեկավարությունը, հյուրերի թվում էին՝ ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների վարչության Կովկասի բաժնի պետ Տ. Շագոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Հ. Հովհաննիսյանը և այլք, որոնք բոլորն էլ իրենց խոսքում կարևորեցին ինչպես այս պատմական նախաձեռնությունը, այնպես էլ Ջավախքում իրականացվող ամեն մի բարեգործական ծրագրի դերն ու նշանակությունը՝ Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակի, կյանքի պայմանների բարելավման տեսանկյունից։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Հ. Հովհաննիսյանը, Ջավախքում բարեգործական լայնածավալ ծրագրեր իրականացնելու, մասնավորապես Թափարվան գետի վրա կամուրջ կառուցելու համար ՋԱՀ-ի շնորհակալագրով պարգևատրեց բարերար Թումաս Չիվչյանին։

Տոնական օրն ավարտվեց հանդիսությունների սրահում, ուր ևս շարունակեցին հնչել շնորհավորանքի, գովեստի և երախտիքի խոսքեր ուղղված բարերարին։

Նկարները կարող եք տեսնել այստեղ:

Վ. Սարգսյան

07 Օգոստոս 2014