Cucahandes (1)

Ապրիլի 18-ին Երևանի Պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ ջավախահայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին մշակույթի գործիչներ, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ջավախահայերին հերթական մշակութային գեղեցիկ ձեռնարկի կազմակերպման առիթով և հավելեց. «Մոտենում է 100-րդ տարին, բայց ժողովրդի պայքարը չի դադարում: Աշխարհի հայությունը՝ Հայրենիքի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի հայերը ձեռք ձեռքի տված պայքարում են Ցեղասպանության ճանաչման, հայ դատի, արդարության վերականգնման համար: Այդ պայքարի ձևերից մեկն էլ մշակույթն է, որի միջոցով մեր դատը ներկայացնում ենք աշխարհին: Մշակույթն այն ուժն է, որ կարողանում է սոսնձել, իրար միացնել անցյալը, ներկան և ապագան»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Վրաստանի վաստակավոր նկարիչ Կառլեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին (ՋԱՀ) ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար. «Այսօրվա ցուցադրությունը մեզ համար մեծ ուրախություն և հաջողություն է, շնորհակալություն բոլոր աջակցողներին: Մեկ անգամ ևս հավաստվեց, որ Ջավախքի ժողովուրդը նաև մեծ արվեստ ունի: Մենք ցուցադրվել ենք ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլև ԱՄՆ-ում և Կանադայում: Դիտելով մեր աշխատանքները՝ դուք կզգաք մեր ուրախությունը և ցավը»:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայ մշակույթի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Կառլեն Կարապետյանին պարգևատրեց «Արշիլ Գորկի» մեդալով:
Ելույթ ունեցան նաև բարերար, գործարար, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համահիմնադիր Սոս Սահակյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հրաչ Այվազյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ջավախահայերի հայրենակցական միության նախագահ  Շիրակ Թորոսյանը, «Վիրահայերի միասնություն»  ՀԿ-ի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Երևանի N 131 դպրոցի տնօրեն, «Սայաթ Նովա» աշուղական անսամբլի մեներգիչ Գրիգոր Սաֆարյանը կատարեց Ջիվանու «Առավոտյան քաղցր հովին» ստեղծագործությունը:
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել  քանդակագործներ Սերգո Սահակյանը՝ «Պատրանք», «Աշուն», «Մարդ էլ կա, մարդ էլ», «Փրկություն», «Աշխարհայացք», Ռաֆիկ Սարգսյանը «Պարույր Սևակ»,  Նարեկացի, Բաղդասար Սարգսյանը՝ «Ծովինար», «Հայելու առջև» ստեղծագործություններով:
Ցուցահանդեսում առանձնահատուկ ուշադրության արժանացան Կառլեն Կարապետյանի՝ Ցեղասպանությանը նվիրված շարքը՝ «Եղեռն – եռապատկերը», և «Մոր դիմանկարը», «Հայացքը», «Արևի աղջիկը» կտավները:
Ուշագրավ էին նաև Համլետ Արոյանի, Մնացական Դալլաքյանի, Հայկազուն Ղարագուլյանի՝ Ջավախքի թեմաներով բնապատկերները, դիմանկարներն ու նատյուրմորտները:
Ցուցահանդեսը շարունակվեց ապրիլի 18-23-ը:
Ծրագրի արդյունքում ջավախահայ շուրջ 5 նկարիչ-ստեղծագործողներ հնարավորություն ստացան ՀՀ-ում ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ երևանաբնակ հանդիսատեսը ծանոթացավ ջավախահայոց մշակույթի հետ:

Կցված նկարներ՝

 Cucahandes (1) Cucahandes (5) Cucahandes (7) Cucahandes (6)

Cucahandes (4) Cucahandes (8) IMG_8630 Cucahandes (3)

30 Ապրիլ 2014