3

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը 2014 թ. սկզբին հաստատել և իրականացնում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որի առաջին բաղադրիչով Ջավախքի (Սամցխե-Ջավախք  և Քվեմո Քարթլի նահանգների) ընտանիքներում ծնված յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխային հատկացվում է պարգևավճար: Ծրագրի երկրորդ բաղադրիչից օգտվում են նաև Ջավախքի այն ընտանիքները, որոնց հարկի տակ 2014 թ. հունվարի մեկի դրությամբ ապրում են 6 և ավելի երեխաներ:

Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի ապրիլյան օրերին, երբ Ջավախքում ևս տեղի էին ունենում հիշատակի և ոգեկոչման արարողություններ, որպես հառնումի և վերընձյուղման խորհրդանիշ, տեղի ունեցավ ՋԱՀ-ի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի մեկնարկը: Այս և Ջավախքում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարերի բացման արարողություններին մասնակցելու նպատակով 2014 թ. ապրիլի 21-23-ը Հայրենի Ջավախքում էին ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամներ Սոս Սահակյանը, Սերգեյ Վանցյանը, Արմեն Ղարսլյանը, Քաջավան Նուրիջանյանը, Արման Սահակյանը, Գարեգին Խումարյանը (հոգաբարձուների խորհրդի անդամ Կորյուն Խումարյանի որդին), ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, անվանի մտավորականներ, հյուրեր ՌԴ-ից, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Հ. Հովհաննիսյանը և այլք:

Առաջին կանգառը Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղն էր, որտեղ տոնական ըմբշամարտի մրցույթի ժամանակ տեղի ունեցավ ՋԱՀ-ի նվիրատվության արարողությունը Բաբաջանյանների ընտանիքին: Բաբաջանյանների ընտանիքում այս տարի ծնվել էր երրորդ երեխան՝ Անին, ինչի համար երեխայի հայրը ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Սոս Սահակյանից ստացավ 1000 լարի գումար:

Բարերար Սոս Սահակյանը իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Ծղալթբիլայի գործարարները, ովքեր ուշադիր հետեւում են գյուղի անցուդարձին, այս նախաձեռնությամբ ավելի են ոգեւորվելու: Նա նաեւ նշեց, որ առաջին անգամ իրականացվող տվյալ ծրագրի խորհրդանշական մեկնարկը տրվում է Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից:

Երեխայի հայրը նման հրաշալի նվերի համար իր խորին շնորհակալությունը հայտնեց ՋԱՀ-ի բոլոր բարերարներին:

Ծրագրի իրականացման հաջորդ կանգառը Սամցխե-Ջավախքի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղն էր, որտեղ տեղի ունեցող հուշաքարի բացման արարողության ժամանակ իրականացվեց նաև ՋԱՀ-ի նվիրատվության արարողությունը: Հարկ է նշել, որ այս գյուղում եղան օգտվողներ ծրագրի թե՛ առաջին, թե՛ երկրորդ բաղադրիչներից. թե՛ Սամվել Քերոբյանի ընտանիքը, որտեղ ծնված նորածինը` Մուրադը, թվով երրորդ երեխան էր և թե՛ Արմենակ Թորոյանի ընտանիքը, որտեղ լույս աշխարհ էին եկել և միևնույն հարկի տակ ապրում էին 6 երեխաներ, ՋԱՀ-ի գործադիր տնօրինության աշխատակիցներից ստացան ծրագրով իրենց հատկացված պարգևավճարը: “Ջավախքի Զեյթունը”` պատմական Դամալան, այդ օրը խաչքար-հուշարձանի տեսքով հավերժացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իր մեջ գիտակցեց նաև վերստին աճելու, կազմավորվելու, հայրենի անկյունում հայաշունչ ծուխը մշտավառ պահելու կարևորությունը:

Նույն օրը` ապրիլի 22-ին, մարդաշատ էր նաև վերջերս հիմնված Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային երիտասարդական կենտրոնի դահլիճը. Նինոծմինդայի շրջանի ղեկավարության, մշակութային կենտրոնի պատասխանատուների, լրատվամիջոցների ներկայությամբ և Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության ու “Սուրբ Սարգիս” եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի օրհնությամբ տեղի ունեցավ 2014 թ. առաջին եռամսյակին երրորդ երեխա լույս աշխարհ բերած 4 ընտանիքների նվիրատվության արարողությունը: Ընտանիքներից 2-ը Հեշտիա գյուղից էին, մեկը` Գանձայից, մյուսը` Օրոջալար գյուղից: Իրենց խոսքում և՛ ծնողները, և՛ կենտրոնի ղեկավար Գ. Սնխչյանը, և՛ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Հ. Հովհաննիսյանը (ով, ի դեպ, ծնունդով նույն Գանձա գյուղից է) մեծապես կարևորեցին նշյալ ծրագրի իրականացումը:

Ջավախքի Նինոծմինդա քաղաքը հյուրառատ էր նաև միջոցառման հաջորդ օրը` ապրիլի 23-ին: Նույն օրը քաղաքի մշակույթի տան բակում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որը տեղադրվել է ջավախահայ հայտնի բարերար, “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, ռուսաստանաբնակ Արմեն Ղարսլյանի կողմից:

Ջավախք այցի վերջին օրը ՋԱՀ-ը նվիրատվություններ իրականացրեց ևս երկու շրջաններում` Ախալքալաքում և Ծալկայում: Ախալքալաքում ևս, ինչպես Դամալայում, ծրագրի երկրորդ բաղադրիչով պարգևավճար ստացավ Բեժանո գյուղի բնակիչ, իրապես հերոս հայր Աշոտ Խուդավերդյանը, որի ընտանիքում, միևնույն տանիքի տակ ապրում են 9 երեխաներ: Մեծ էր բոլորի խանդավառությունը, երբ իր շնորհակալական խոսքի մեջ Ա. Խուդավերդյանը խոստացավ ունենալ ևս մի քանի երեխա: Ծրագրի առաջին բաղադրիչով (3-րդ և ավելի երեխա) նույն շրջանում պարգևավճար ստացան ևս 9 ընտանիք: Հավելենք, որ շահառու ընտանիքներից մեկը հայ-վրացական էր. Ախալքալաքի շրջանի Մուրճախեթ գյուղի բնակիչ Վասիլի Ճիլաձեի և Օլգա Մանուկյանի կազմած ընտանիքը ևս շահառուների ցուցակում էր: Նվիրատվության արարողությանը ներկա էր Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մարուքյանը, Ախալքալաքի շրջանի ղեկավարությունը` Հ. Մովսիսյանի և Է. Աղասարյանի գլխավորությամբ, շրջանային վաչության այլ ոլորտների աշխատակիցներ,  հյուրեր  ՀՀ-ից և այլք:

ՋԱՀ-ի ներկայացուցիչների հաջորդ և վերջին կանգառը Ծալկայի շրջանն էր, որի Նարդևան և Ղուշչի գյուղերում 2014 թ. առաջին եռամսյակում երրորդ երեխա ծնած 2` Գուրգենյանների և Միքայելյանների ընտանիքներում ևս հնչեցին օրհնանքի խոսքեր` ուղղված ՋԱՀ-ի բարերարներին: Նվիրատվության արարողություններին իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որի օրհնությամբ և ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանի ներկայությամբ ընտանիքներն նշյալ ընտանիքներն ստացան իրենց հատկացվող օժանդակությունը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչություն

10 Մայիս 2014