Ջավախքում նշվեցին Ջիվանական և Տերյանական օրերը

Հուլիսի 23-ին և 24-ին Ջավախքում տոն էր։ Վրաստանի Կարզախ և Գանձա գյուղերում նշվեցին Ջավախքի մշակութային օրացույցում արդեն ավանդույթ դարձած և ամենասպասված տոները՝ Ջիվանու և Տերյանի օրերը:

Հուլիսի 23-ին տոնակատարություն էր Կարզախ գյուղում, որտեղ ներկա էին ՏԻՄ ներկայցուցիչները, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, ջիվանասերներ և կարզախցիներ:

Այս տարի միջոցառումը կազմակերպվեց Ախալքալաքի տեղական իշխանությունների և ՋԱՀ-ի հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ:

Ջիվանու կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որը հիմնադրվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից 2016-2017թթ: Ներկաները շրջեցին տուն-թանգարանում և ծանոթացան մեծանուն Աշուղի թողած ժառանգությանը:

Տուն-թանգարան այցելությունից հետո հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Շնորհակալական խոսք հղելով միջոցառման կազմակերպիչներին՝ քաղաքապետը հայտարարեց համերգային ծրագրի մեկնարկը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, ով ընդգծեց բարերարների ակտիվության կարևորության փաստը, օրինակ բերելով վերջերս թանգարանին նվիրատվություն կատարած Բանգոյանների ընտանիքին: Ներկաներին օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքը հղեց տուն-թանգարանի աշխատակից Հասմիկ Սաղաթելյանը, գրող Գեւորգ Հայասին և Վաչագան Բասենցյանը:   

«Ջիվանու օր» տոնակատարությունն իր անզուգական կատարումներով գեղեցկացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր: Համերգային ծրագրում ելույթ ունեցան նաև Ախալքալաքի Մշակույթի տան «Ջավախք» պարային համույթը՝ աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ, Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները և Կարծախ գյուղի պարային համույթը։

Հաջորդ օրը՝ հուլիսի 24-ին Գանձա գյուղում, 55-րդ անգամ, նշվեց «Տերյանական պոեզիայի օրը»։ Մինչ համերգային մասի մեկնարկը հյուրերն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։

Միջոցառումը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։ Ներկաներին ողջունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, ով շնորհակալություն հայտնեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությանը և նշեց, որ ցուցասրահի վերանորոգումն ավարտվել է, իսկ այժմ ընթանում են բանաստեղծի տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման նախապատրաստական աշխատանքները։ Ելույթներին հաջորդեցին համերգային համարները և Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցումները։ Ելույթ ունեցան նաև Նինոծմինդայի Մշակույթի տան «Փարվանա», Գանձա գյուղի «Գանձեր» համույթները, ինչպես նաև այլ կատարողներ։