IMG-20220328-WA0000

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ 2011թ.–ից իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը:

Տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն արդեն արտահանվում է արտերկիր: Վերջին տվյալների համաձայն Հայաստանի, այդ թվում՝ Արցախի, Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործող 600 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում անվճար ինժեներական կրթություն է ստանում 16.000 երեխա:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և անհատ բարերարների ջանքերի շնորհիվ Ջավախքում արդեն իսկ գործում է թվով ինը «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որոնց թիվը գնալով աճում է։

Ընդամենը հաշված օրեր առաջ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 30 կմ արևմուտք գտնվող Օզնի կամ Հինիա գյուղում, մեկնարկեց աշխատանքը նոր «Արմաթ» կենտրոնում՝ բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:

Գեղեցիկ կահավորված, ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ճամբարների միջոցով կուսումնասիրեն գիտության, տեխնոլոգիայի, ինժեներության և մաթեմատիկայի գաղտնիքները, կունենան հնարավորություն ստեղծագործելու և նախաձեռնելու։

Ռազմիկ Բլիկյանի կողմից իր ծննդավայրում՝ Օզնիում, ստեղծված «Արմաթ» կենտրոնն իր ծառայությունը սիրով կմատուցի նաև գյուղի շուրջը գտնվող թվով 5՝ Ղուշչի, Ղզլքիլիսա (Կարմրավանք), Բուռնաշեթ, Այազմա, Նարդեվան գյուղերի մանուկներին ու պատանիներին:

Տոն է Օզնիում, Ղուշչի, Ղզլքիլիսա, Բուռնաշեթ, Այազմա, Նարդեվան գյուղերում…..

Թող խելացի լինի հայ մանուկը, ապրի խաղաղ աշխարհում, վերցնի իրեն սրտանց տվածը, սովորի ու շենացնի հայրենիքը…

Շնորհակալ ենք…

«Արմաթ» ծրագրի արդեն առկա արդյունքներն այսպիսին են.

Ծրագրի մասնակիցների

  • 84%-ն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն,
  • 39%-ն աշխատում է ու սովորում,
  • աշխատանք ունեցողների45%-ը ներգրավված են ծրագրավորման ոլորտում, 29%-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի այլ բնագավառներում, շատերը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ,
  • աշխատանք ունեցողների12%-ը իրենց գաղափարներով հիմնել են սթարթափներ,
  • աշխատակիցների աշխատավարձերը տատանվում են 50-ից 300 հազար ՀՀ դրամի սահմաններում, միջինում կազմելով132,561 ՀՀ դրամ։

Արդյունք–փաստերն այնքան գոհացուցիչ են ու խոսուն, որ «Արմաթ» ծրագիրը կշարունակի գործել ՝ ընդլայնելով մասշտաբները:

Բարերար Ռազմիկ Բլիկյանի գործունեությունը մեծ պատմություն ունի.

16 տարեկանից ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Սովորել է Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում: Սովորել է Ռուսաստանի Նախագահական կառավարման ակադեմիայում. ՌԴ նախագահին առընթեր պետական կառավարման ռուսական ակադեմիայում, ստացել դիպլոմ գերազանցությամբ և ուսումը ասպիրանտուրայում շարունակելու հրավեր:  Ռազմիկ Բլիկյանն ունի «Տնտեսական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան: Մոսկվայի «Սկոլկովո» միջազգային նշանակության նորարարական գիտական կենտրոնում ստացել է «Բիզնես–մենեջմենթ» որակավորում:

Ռազմիկ Բլիկյանն աշխատել է անխոնջ ու սիրով, հայի համար ներդրել ու հիմնել: Նրա մշտական հայրենանվեր գործունեության գործող արգասիքներն են.

  • քաղաք Վլադիմիրում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ուր ծառայելու համար քահանա է տեղափոխվել Հայաստանից:  Հայոց եկեղեցին «Ռազմիկ Միասնիկի Բլիկյան» ընտանիքին արժանացրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանին, որը շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ ի նշանավորումն մեծ բարերարությունների, որոնք մատուցվում են Հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին և Հայաստան աշխարհին։
  • Արցախի համար պարբերաբար, մշտապես կատարվող աջակցությունները՝ նյութական և ռազմատեխնիկական տեսքով:
  • Աջակցությունը 2008թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված «700 հարսանիք Արցախում» ծրագրին: Ռ.Բլիկյանի կողմից հնչեցրած «Նորապսակ զույգերից առաջինը, որը կունենա 3 բալիկ, կստանա բնակարան» գեղեցիկ պայմանը խթանել է երեխաների թվի զարմանալի արագ աճին: Ու պայմանն, իհարկե, կատարվել է:
  • Մշակութային հուշարձանների կառուցումը,
  • Դպրոցների, մանկապարտեզների վերանորոգումը,
  • Բազմաթիվ կրթական ծրագրերի իրականացումը,
  • Հայաստանի համար այս դժվար օրերին հարյուրավոր աշխատատեղերի ստեղծումը կապիտալ շինարարության ոլորտում,
  • Հեռավար մարզերում գազատար, ջրատար խողովակների կոմունիկացիոն խնդիրների լուծումը,
  • 44–օրյա Արցախյան պատերազմի օրերին ահռելի նյութական ռեսուրսների տրամադրումը,
  • Իր ծննդավայրում՝ 1830թ. Էրզրումից գաղթած հայերի կողմից հիմնադրված Օզնի գյուղում, ուր սկզբում կար ընդամենը ինը տուն, այժմ՝ հարյուրից ավելի ընտանիք, մոտ 500 բնակիչ, Հանդիսությունների սրահի կառուցումը, գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգումը:

Շարքս կարող եմ շարունակել ու այն դեռ կշարունակվի…

Ռազմիկ Բլիկյանը Ազգապահպան քաղաքականություն է վարում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հետ:

Այժմ հովանավորում է Ռուս–Ոիկրաինական պատերազմի պատճառով իրենց հայրենիքը լքած, Հայաստան ժամանած քաղաքացիների տեղավորման գործընթացը:

Ներկայումս իրականացվում է «Գորիս–Նախիջևան մայրուղային գազատարի վերանորոգում» ծրագիրը:

Իրականացվում են լայնամասշտաբ ներդրումային զարգացման ծրագրեր. «Բռոլեր թռչնաբուծական համալիր», «Ռամադա Ռեզորթ Սպա Հոթել» հյուրանոցա-առողջարանային համալիր», «Լոգիստիկ կենտրոն», «Ինտենսիվ այգիներ»…

Հ.Գ.  Շատ եմ սիրում Ջավախքի ժողովրդի «շիտակ հայացք, շիտակ խոսք»

հատկանիշը, որին ավելանում է մեկը. «Ասես փնտրո՜ւմ  են իրար»: Ինքս էլ այդպիսին եմ. հիմա կբացատրեմ:

Ամենուր. փողոցում, խանութում, մետրոյում, ավտոբուսում, եթե լսում եմ խոսք, նույնիսկ ոչ ինձ ուղղված, որ թեկուզ մի՜ փոքր մատնում է իրեն:), արագ հարցնում եմ. «Ջավախքի՞ց եք» ու նույնքան արագ ներկայանում: Արագ պատմում ենք միմյանց մեր մասին, փորձում գտնել ընդհանուր ծանոթներ, փոխանցել նոր տեղեկություններ: Հաճելի է շատ. «Միմյանց փնտրել ու գտնել». դա արդեն յուրաքանչյուր ջավախքցու բնավորության նուրբ մասնիկ է, որն անպայման կապրի:

Այդպիսի հերթական որոշիչ դրվագ տեղի ունեցավ ինձ հետ այս տարի, հունվարի 12–ին, մի կարևոր սենյակում, մեծ աշխատանքային սեղանի կողքին նստած:

Զրույց Ռազմիկ Բլիկյանի հետ, որն այնպե՜ս թեթև ու հեշտ անցավ, որ դարձավ զրույց հարազատ մարդկանց. նույն հող ու ջրի, նույն մտածելակերպի, նույն ցավի ու սիրո, նույն ակնկալիքի ու հավատի:

 

Ռազմիկ Միասնիկի Բլիկյան. Մարդ, ով Ջավախքից է, ապրել ու ապրում է հեռու, բայց ծննդավայրում է մտքով, այդ մտքից ծնվող սրտանց խոսքով, ով այնտեղ է նախաձեռնությամբ, որն անպայման գործ կդառնա, ով այնտեղ է հեռո՜ւն գնացող ծրագրերով:

Հեռու՜ն գնացող ծրագրեր. հեռուն՝ մասշտաբով, ժամանակով, ակնկալվող արդյունքներով, հաստատ՝ երկարակեցությամբ:

Հեռու՜ն գնացող ծրագրեր. «Աշխատատեղեր», «Տնտեսության աճ», «Կենսամակարդակի բարձրացում», «Հայրենիքի բարգավաճում» փաստերով:

 

Գայանե Առաքելյան

 

Հղումներ.

«ՋԱՎԱԽՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱՐՄԱԹ

«ԱՐՄԱԹ» ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

 

 

30 Մարտ 2022