194732

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը(ՋԱՀ), որը գործում է 2014 թվականից արդեն հասցրել է Ջավախքում իրականացնել բազմաթիվ կրթամշակութային,  սոցիալական, տնտեսական, առողջապահական և սպորտային ծրագրեր։ Տարեցտարի այդ ծրագրերի ու դրանցից օգտվողների թվերն ավելանում են։

Հիմնադրամի գործունեությունը հագեցած էր նաև 2021 թվականին։

217281864_889203815141318_4663517664039275408_nՋԱՀ-ի, ԱՏՁՄ-ի և բարերարների ջանքերով գործող 4 «ԱրՄաթ» լաբորատորիաների թիվը անցյալ տարի հասավ 8-ի, որտեղ շուրջ 500 երեխա այժմ ստանում է անվճար ինժեներական կրթություն. «Արդեն գործող ԱրՄաթների թվին ավելացան ևս չորսը․ Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում, Նինոծմինդա քաղաքում և Ախալքալաքի շրջանի Օլավերդ և Բեժանո գյուղերում։ «ԱրՄաթ» կենտրոնների հիմնադրումը Ջավախքում հնարավոր չէր դառնա առանց անհատ բարերարների և գործընկեր կազմակերպությունների ֆինանսական աջակցության ու համագործակցության», -նշում է ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ու հավելում, որ  առաջիկայում պլանավորվում է ևս երկու «ԱրՄաթ» կենտրոնների հիմնադրում Ջավախքում։

217394057_2945180709133635_2428620044602793789_nՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի խոսքով հերթական «Արմաթ» կենտրոնի բացումը Ջավախքում մեծ ու կարևոր նշանակություն ունի. «Մենք մեծ սպասելիքներ ունենք կենտրոն հաճախող երեխաներից: Նրանք պետք է տիրապետեն գիտությանն ու տեխնոլոգիական մասնագիտություններին, որպեսզի պատշաճ կերպով ներկայանանք աշխարհին, ունենանք մեր տեղն ու դիրքը: Նաև վստահ եմ, որ Արմաթում սովորող  երեխաները մեծ նպաստ պետք է ունենան Վրաստանի տնտեսական զարգացման ու Ջավախքը ներկայացնելու պատվավոր գործերում», -ասում է պարոն Սահակյանը:

194732Անցյալ տարվա թերևս ամենախոշոր ու քննարկվող ծրագրերից մեկը Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումն ու բացումն էր պոետի հայրենի Գանձա գյուղում։ Տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը աչքի է ընկնում  դիզայներական հարուստ ու գեղեցիկ լուծումներով, եռաշերտ ցուցադրությամբ, ինչպես նաև հագեցած է 21-րդ դարին հատուկ նորարարություններով: Գանձայում նորաբաց ցուցասրահը տրամադրություն է փոխում, իսկ այնտեղ մեր բոլորի Տերյանը ներկայացված է նորովի։ Անգամ պոետի արվեստը սիրողներն ու ճանաչողներն այնտեղ ինչ-որ չափով նոր Տերյանի կհանդիպեն ու կբացահայտեն։ Ցուցասրահում Տերյանը նաև կենդանանում է ARLOOPA հավելվածի միջոցով:

229874874_434165724383010_4623346209228607077_nԲացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։ Նա նշեց, որ անչափ ուրախ է, որ Գանձայում ստեղծվել է նման գրավիչ մշակութային միջավայր. «21-րդ դարում չափազանց կարևոր է, որ պատմության, գրականության և առհասարակ ցանկացած տեղեկատվության վերաբերյալ գիտելիքը, պատանիներին ու երեխաներին փոխանցվի ժամանակակից եղանակով: Որքան կարևոր է մշակույթը, նույնքան կարևոր է այդ մշակույթը հետաքրքիր եղանակով մատուցելը, -ասաց փոխնախարարը և հավելեց, որ Հայաստանում կրթական, մշակութային ծրագրերի հաջողված փորձեր ունեն, որոնք ամենայն հավանականությամբ շուտով կիրականացնեն նաև նորաբաց ցուցասրահում»:

194737Նորաբաց ցուցասրահը արդեն շատերին է հիացրել իր դիզայներական ու ստեղծագործական լուծումներով։ Իսկ ՋԱՀ-ը հետևողականորեն իրականցնելու է տուն-թանգարանի ամբողջական վերականգնումը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։

Այժմ սկսվել են տուն-թանգարանի հուշային մասի վերականգման նախապատրաստական աշխատանքները։

241115072_1753648771493604_3044669370486696138_nԱնցյալ տարվա օգոստոսին ՋԱՀ-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ Ջավախքում անցկացրեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ։

Հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից երեք օր շարունակ եղան Ջավախքի ամենագեղեցիկ ու թաքնված անկյուններում, այցելեցին Ջավախքի գյուղեր ու քաղաքներ, տեսարժան վայրեր և մշակութային կոթողներ, ծանոթացան գյուղական բնակավայրերի կյանքին, բարքերին ու առօրյաին և իրենց տեսածը, զգացածն ու տպավորությունները ֆիքսեցին ֆոտոխցիկի միջոցով:

Լուսանկարչական արշավին հետևեց համանուն լուսանկարչական ցուցահանդեսը, որը ՀԲԸՄ Երևան դահլիճում գործեց նոյեմբերի 1-ից 10-ը։

TAT_1930ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն ասում է, որ ՋԱՀ-ն ունի մշակութային ծրագրերի մեծ փաթեթ, իսկ լուսանկարչական ցուցահանդեսն ու դրան նախորդած լուսանկարչական արշավը դրանցից հերթականներն էին.«Հիմնադրամն իր առաջ շատ բարձր նշաձող է դրել և կորոնավիրուսի պայմաններում անգամ կարողացավ աշխատել և էլ ավելի արդյունավետ իրականացնել ամենատարբեր ծրագրեր Ջավախքում։ Ցուցահանդեսը շատ կարևոր էր Ջավախքի կյանքի տարբեր ոլորտները ներկայացնելու տեսանկյունից։ Ցուցահանդեսում լուսանկարների տեսքով ցուցադրվեց ջավախքցու հայացքը, աշխատանքը, հավատքն ու եկեղեցին, տունն ու բնաշխարհը», -նշեց պարոն Սահակյանն ու հավելեց, որ շատ քչերն են ծանոթ տարածաշրջանի կենցաղին ու ավանդույթներին։ Իսկ Ջավախքը շատ հարուստ է թե՛ իր բնաշխարհով, թե՛ ավանդույթներով ու սովորություններով և թե՛ մարդկանցով։

9Անցյալ տարի՝ ամբողջ տարվա ընթացքում Ջավախքի 5 շրջաններում (Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա, Ասպինձա, Ծալկա) ՋԱՀ-ը ՀԲԸՄ-ի հետ համատեղ իրականացրեց «Աջակցություն ջավախցիներին» ծրագիրը, որի շրջանակներում ավելի քան 120 գյուղերում ու քաղաքներում 15.000 ընտանիք ստացան եվրոպական, բարձրորակ հագուստ (բաճկոն, ժիլետ և այլն)։

Ծրագրի շահառուներն եղել են սոցիալապես անապահովները, հաշմանդամություն ունեցողները, ծնողազուրկները և այլոք։

Բացի հիմնական խոշոր ծրագրերից տարվա ընթացքում իրականացվել են նաև մի շարք գիտակրթական, երիտասարդական, մշակութային ու սոցիալական ծրագրեր (Աջակցություն ջավախքցի առաջադեմ ուսանողներին վարձավճարի տեսքով, թրեյնինգների ու դասընթացների կազմակերպում թե՛ ջավախքում, թե՛ երևանում, հանդիպում-քննարկումների կազմակերպում մշակույթի, գիտության, ՏՏ ոլորտի առաջադեմ մասնագետների հետ և այլն)։

257312997_582043802880394_5506352349302944264_nՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը ուրախությամբ է նշում, որ այս տարին ևս հագեցած է լինելու ամենատարբեր ծրագրերի ու նոր նախագծերի իրականացման տեսանկյունից։ Նա նաև ասում է, որ մեր ծրագրերն ու գործունեությունը հնարավար չէր լինի առանց հիմնադրամի հագաբարձուների խորհրդի անդամների և բարերարներ ֆինանսական ներդրումների. «ՋԱՀ-ի կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի ետևում կանգնած են ինչպես մեր գործընկերները այնպես էլ բարերարները, ովքեր գիտակցելով Ջավախքի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը մեծ ներդրումներ են անում, որպեսզի ջավախքի տարբեր բնակավայրերում հիմնադրվեն և վերականգնվեն մշակութային ու կրթական կենտրոններ, թանգարաններ, իրականացվեն սոցիալտնտեսական ծրագրեր և այլն։ ՋԱՀ-ի ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բարերաներին։ Իսկ այն մարդիկ ովքեր սրտացավ են կարող են անցնել հետևյալ հղմամբ՝  http://www.jah.am/financial_support և ունենալ իրենց ներդրումը Ջավախքի զարգացման ու ամրացման գործում»։

 

01 Մարտ 2022