194739

Օգոստոսի 1-ին Ջավախքի Գանձա գյուղի օդը լիքն էր Տերյանով, բոլորը խոսում ու ապրում էին տերյանական պոեզիայով: Տերյանը միշտ ներկա է Գանձայում, սակայն նրան հիշելու շատ կարևոր ու առանձնահատուկ առիթ կար: Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում բացվեց նրա տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը:

2019 թվականին Տերյանական օրվա ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը հայտարարեց այն մասին, որ պատրաստվում է նախաձեռնել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը, քանի որ այն գտնվում է անմխիթար վիճակում։ Ու չնայած 2020 թվականը լի էր դժվարություններով, համավարակի և պատերազմի պայմաններում անգամ ՋԱՀ-ը կարողացավ աշխատել ու իրականացնել ծրագիրը: Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասարհի վերականգնման աշխատանքները տևեցին շուրջ մեկ տարի:

Ծրագիրը կյանքի է կոչվելու երեք փուլով. Առաջին փուլով նախատեսվում էր վերականգնել տուն-թանգարանի ցուցասրահը, որն այսօր բացեց իր դռները հանրության առջև: Երկրորդ փուլով նախատեսվում է կազմակերպել հուշային մասի վերականգնումը, երրորդ փուլով վերականգնվելու է ամբողջ համալիրը:228919176_557435152274144_376898899800019948_n

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը միջոցառման ընթացքում հայտարարեց, որ ազդարարում են ծրագրի երկրորդ փուլի՝ տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին ու նաև հորդորեց  բոլորին միանալ նախաձեռնությանն ու իրենց հնարավորության չափով ներդրում ունենալ այս գործում. «Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման համար ավելի քան 100.000 լարի է ծախսվել։ Հուշային հատվածի վերականգնումը շատ ավելի մեծ ծախսեր է ենթադրրում և մենք ակնկալում ենք, որ աջակցություն կստանանք թե՛ Վրաստանի և թե՛ Հայաստանի կառավարություններից և այն կդառնա հայ-վրացական համատեղ ջանքերով իրականացված  կարևորագույն ծրագերերից մեկը»:

51349856151_06ec255043_c

Տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը աչքի է ընկնում  դիզայներական հարուստ ու գեղեցիկ լուծումներով, եռաշերտ ցուցադրությամբ, ինչպես նաև հագեցած է 21-րդ դարին հատուկ նորարարություններով: Նորաբաց ցուցասրահում մեր բոլորի Տերյանը ներկայացված է նորովի՝ տարբեր ձևաչափերով: Այստեղ Տերյանը նաև կենդանանում է ARLOOPA հավելվածի միջոցով:

229874874_434165724383010_4623346209228607077_nՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը նշեց, որ անչափ ուրախ է, որ Գանձայում ստեղծվել է նման գրավիչ մշակութային միջավայր. «21-րդ դարում չափազանց կարևոր է, որ պատմության, գրականության և առհասարակ ցանկացած տեղեկատվության վերաբերյալ գիտելիքը, պատանիներին ու երեխաներին փոխանցվի ժամանակակից եղանակով: Այսինքն որքան կարևոր է մշակույթը, նույնքան կարևոր է այդ մշակույթը հետաքրքիր եղանակով մատուցելը: Հայաստանում կրթական, մշակութային ծրագրերի հաջողված փորձեր ունենք, որոնք հուսով ենք շուտով կիրականացնենք նաև այս նորաբաց ցուցասրահում»:

Միջոցառման ընթացքում երաժշտական համարներով հանդես եկան Արմեն Մկոյանը, Մուրադ Մալխասյանն ու Վահագն Ռաշը: Ասմունքեցին՝ Գանձայի և Կարզախի երիտասարդները:

194751ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը հիշում է, որ առաջին անգամ Գանձա՝ Տերյանի տուն-թանգարան այցելել է 1965 թվականին և այնտեղից հեռացել մեծ տպավորություններով. «Ավելի չափահաս տարիքում հաջորդ այցելությունների ժամանակ հասկացա, որ Տերյանն ու նրա գործունեությունը շատ ավելի առաջ են ու բարձր քան թանգարանը ապահովում է այդ գործի ներկայացումն ու հանրահռչակումը: Տերյանը, նրա գործունեությունն ու պոեզիան համազգային կարևորություն ունեն, այդ իսկ պատճառով մենք ձեռնարկեցինք տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումը ժամանակի ամենաբարձր պահանջներին համապատասխան ստանդարտներով»:

ՋԱՀ-ը հետևողականորեն իրականցնելու է տուն-թանգարանի ամբողջական վերականգնումը, որպեսզի մեր մեծ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանն ունենա իր անվանն արժանի տուն-թանգարան, որը կդառնա զբոսաշրջային կարևոր կետերից մեկը և հաղորդակից կդարձնի մեզ մեծ բանաստեղծի հետ։

Վահան Տերյանի տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծի հեղինակները ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և Շահանե Գևորգյանն են:

Ցուցասրահի արտաքին, ներքին ձևավորման և բովանդակային կոնցեպտի հեղինակները գրականագետ Անի Եղիազարյանն ու նկարիչ Մկրտիչ Մաթևոսյանն են:

Նշենք, որ ծրագիրն իրականություն չէր դառնա առանց հիմնադրամի բարերարների ու նվիրատուների։ Իսկ 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները փաքցված են թանգարանի ցուցասրահում։

03 Օգոստոս 2021