96239680_863858024080442_4158447018852745216_n

Այս տարվա մայիսին լրացավ լեգենդար ավիատոր Սերգեյ Վանցյանի 70 ամյակը, մարդ, ով ապրում է «ուրիշի ցավ չի լինում», կամ՝ «ով բարեկամ չի փնտրում, նա իր թշնամին է» սկզբունքով։

Եվ քանի որ պարոն Վանցյանը «խուսափում է» լրագրողներից և հարցազրույց տալուց, որոշեցինք նրա մասին պատմել օգտվելով մեծ ավիատորի 70 ամյակին նվիրված Լևոն Ազրոյանի «Արծվապետը, ում անունն է Սերգեյ Վանցյան» գրքից, որը տպագրվել է ՋԱՀ-ի աջակցությամբ։

Գրքի նախաբանում հեղինակը պատմում է, որ Վանցյանի տղաները 1989-1994 թվականների ընթացքում կատարել են շուրջ 33 հազար թռիչք, որից 27 հազարը՝ մարտական։ Նրանք փոխադրել են 75 հազար տոննա բեռ, 600 հազար մարդ։ Երբ լրագրողները հարցնում էին այսօր արդեն երջանկահիշատակ Կոմանդոսին, թե երբ եք ազատագրելու Շուշի բերդաքաղաքը, նա ոչ մի կոնկրետ ժամկետ չէր նշում, պարզապես ասում էր. «երբ Վանցյանի տղաները Ղարաբաղ կհասցնեն 400 տոննա վառելիք և էլի անհրաժեշտ ինչ որ բաներ»։

Արկադի Տեր-Թադևոսյանը մեկ անգամ չէ որ խոստովանել է. «Մեր հայացքը միշտ դեպի երկինքն էր ուղղված, կողքի նայողին կարող էր թվալ, թե մենք Աստծուն էինք աղոթում, բայց իրականում աղոթում էինք մեր օդաչուներին, որ շուտ երևան երկնակամարում։ Նրանք ոչ միայն Արցախի փրկության միակ հույսն էին, այլև հազարավոր կյանքեր փրկեցին՝ վիրավորներ ու հիվանդներ դուրս բերեցին, զոհված հերոս ազատամարտիկների դիեր տեղափոխեցին ճակատից»։ Եվ իսկապես, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի նվիրյալներից մեկի՝ ավիացիոն գործի հմուտ կազմակերպիչ Սերգեյ Վանցյանի ղեկավարած «Արարատ-Ավիա» ընկերության օդաչուները ղարաբաղյան պատերազմի ժամանակ աննախադեպ սխրանքներ գործեցին, ապահովելով մեր հաղթանակը։

«Հրաշքների հրաշք էր, որ մենք ունեցանք անձնուրաց օդաչուներ, և այդ գիծն աշխատեց անխափան։ Եթե նրանք չլինեին, անհնար էր նույնիսկ մտածել հաղթանակի մասին, այդ հաղթանակի 90 %-ը կռեցին օդաչուները». Սա էլ արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի դիտարկումն է։

Seyran_Vantsyan

Վերոնշյալ՝ «Արծվապետը, ում անունն է Սերգեյ Վանցյան» գրքում, խմբագիր, հրատարակիչ, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանը Վանցյանի մասին պատմում է.

…Նա ամեն թռիչքից հետո սրտատրոփ հետևում էր ուղղաթիռների ընթացքին՝ մինչև նրանք բարեհաջող տեղ կհասնեին, իսկ եթե կատարվում էր… անսպասելին՝ օդանավ կամ ուղղաթիռ էր խփվում, զոհված ազատամարտիկներ էին բերում, սփոփանքի ու մխիթարանքի առաջին խոսքը հարազատներին նա էր ասում, նա էր Ստեփանակերտ-Երևան գծի առաջին պատասխանատուն։ Քանի անքուն գիշերներ ապրեց զոհված օդաչուների ընտանիքների հետ, քանի որբացած երեխայի համար մղկտաց սիրտը, անկեղծորեն ապրեց նրանց կորստի ցավը, և այդ ամենը՝ անարցունք ու անխոս։

Իսկ երբ նրա համբերությունն սպառվում էր, ինքն անձամբ էր մտնում ուղղաթիռ՝ տղերքի կիսատ թողած գործն ավարտելու, ճանապաչհին անակնկալ հայտնված ինչ-որ կրակակետ ոչնչացնելուհամար, որովհետև ինչպես ինքն է խոստովանում, նման դեպքերում սպասելն ավելի ծանր էր։

«Պատերազմի ժամանակ երբեք օդաչուներին չեմ պարտադրել թռչել, ասել եմ` «խնդիրն այսպիսինն է, կարո՞ղ ես կատարել», ու գրեթե միշտ թռչել եմ նրանց հետ` օրական 3-4 անգամ: Այդ օրերին երբեք տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջքներ չունեցանք, որովհետև գիտակցում էինք, որ ամեն դեպքում թռիչքը պետք է լինի անվտանգ», մի առիթով ասել է Սերգեյ Վանցյանը:

Լեգենդար ավիատոր Սերգեյ Վանցյանը ծնվել է Ջավախքում, Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում՝ տոհմիկ էրզրումցու ընտանիքում։ Նրա նախնիներն այնտեղ են եկել 1830 թվականին։ Բնական է, որ Սերգեյը բոլոր ջիղերով կապված է պապերի Էրգրին՝ հինավուրց Կարինին։ Սերն ու կարոտն առ կորսված հայրենիք, վերաճել է հարազատ Բեժանոյի, նրա հող ու ջրի հանդեպ կարոտախտի։ Չնայած աշխատանքի բերումով նա երկար տարիներ ապրում է Երևանում, բայց մի վայրկյան անգամ մտքից չի հանում հարազատ Ջավախքը։ Ամեն տարի, եթե նրան բախտ է վիճակվում մի քանի օր հանգստանալու, նա այդ օրերն անպայման  անցկացում է Բեժանոյում։ Հայրենասիրությունը նրա համար լոկ բառեր չեն։ Վանցյանը հայրենիքը սիրում է իր բոլոր բջիջներով և ջանք ու եռանդ չի խնայում դրա զարգացմանն ու շենացմանը ուղղված ոչ մի նախաձեռնությունում։

Սերգեյ Վանցյանը նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հիմնադիրներից է, հագաբարձուների խորհրդի անդամն ու բարերարը։ Նա աջակցել է հիմնադրամի կողմից Ջավախքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը իր ֆինանսավորմամբ, մտքերով ու գաղափարներով: Իսկ այնտեղի երիտասարդներին խորհուրդ է տալիս չլքել Ջավախքը, ամուր կառչած մնալ արմատներին ու շենացնել հայրենի հողը։

Հերմինե Կարապետյան

ՋԱՀ-ի PR պատասխանատու

29 Հունիս 2021