198412325_921773418750860_5204142939290733240_n

Հունիսի 12-ին է ծնվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերութան հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը:

Այսօր խոսելու ենք նրա կերպարից, որն այնքան բազմաբովանդակ է, որ միայն ճարտարապետությամբ չենք կարող սահմանփակվել:

Ինքնատիպ այս մարդուն շատերը կհիշեն հայտնի նարնջագույն գլխարկով: Նրա հետ յուրաքանչյուր հանդիպումն ու զրույցն էլ ասես լինի «նարնջագույն»՝ հիշվող ու դրական, լի լուսավոր ու պայծառ պահերով… Միշտ բարձր տրամադրությամբ, իրեն հատուկ ժպիտով ու հումորներով է նա շրջապատում իր մտերիմներին ու ծանոթներին: Նրան չսիրել պարզապես հնարավոր չէ, և որ ամենակարևորն է, պարոն Մութաֆյանի հետ կարելի է խոսել անվերջ ու ցանկացած թեմայի շուրջ, խոհանոցից մինչև երաժշտություն (ի դեպ պարոն Մութաֆյանը նաև շատ համեղ է պատրաստում, և իր բաղադրատոմսերի գաղտնիքներով հաճախ կիսվում է մեզ՝ երիտասարդ աղջիկներիս հետ):

Շատ է սիրում արվեստը, դրա տարբեր ճյուղերը, թե՛ նկարչությունը, թե՛ երաժշտությունը։ Երժշտական լայն նախասիրություն ունի՝ փոփից մինչև ծանր ռոք. «60-70-ականներին, ես ինքնս էլ և՛ երկար մազեր եմ պահել, և՛ հոլիդե տաբատ եմ հագել, և՛ հիպպի եմ ձևացրել ինձ և ես շատ ուրախ եմ, որ հենց այդ ժամանակներում եմ ծնվել ու ապրել», -նշում է վաստակավոր ճարտարապետը։

Պարոն Մութաֆյանի ծնողները պոլսահայեր են՝ Պարտիզակ գավառից: Մեծ Եղեռնի ժամանակ գաղթել են Հունաստան՝ Կավալա ծովափնյա քաղաք, որտեղից էլ 1946 թ. վերադարձել են Հայաստան: ծնողները երկուսն էլ եղել են արհեստագործներ, մայրը դերձակ, հայր՝ խառատ: Նա անկեղծանում է, մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղացել նկարչության ուսուցիչը՝ Գագիկ Ղազարյանը, ով մեծ պոտենցիալ է տեսել իր մեջ ու ծնողների հորդորել, որ իրեն տան ճարտարապետական. «Որոշել էի դառնալ նկարիչ, հետո ես շատ էի դետեկտիվ գրքեր կարդում և ինչ-որ մի պահ ուզում էի դառնալ Շերլոկ Հոլմս կամ նման մի բան: Բայց չեմ փոշմանել, ավելին, եթե նորից ծնվեմ, նորից ճարտարապետ կդառնամ», -վստահ է ճարտարապետը։

Խոսելով Երևան քաղաքի հատակագծի ու ճարտարապետության մասին պարոն Մութաֆյանը նշում է, որ քաղաքի հիմքը ճիշտ է դրված, սակայն հետագան է սխալ կազմակերպված։ «Երևանը չպետք է դառնար գերքաղաք։ Հայաստանն այսօր պատկերացնում ենք Երևանով, իսկ մարզերում բնակչությունը գնալով ավելի ու ավելի է դատարկվում։ Ես Երևանը կդարձնեի միայն ադմինիստրատիվ քաղաք՝ կառավարման համար անհրաժեշտ բոլոր կառույցներով, դրանից հետո կզարգացնեի մյուս շրջաններն ու քաղաքները», -նշում է վաստակավոր ճարտարապետը։

Հովհաննես Մութաֆյանը դեռ 1975-ականներից սկսած մասնակցել է Հանրապետության մայրաքաղաքի, մարզերի մի շարք բնակավայրերի, Արցախի ու Ջավախքի մի շարք հաստատությունների, շենքերի ու պատմական նշանակության համալիր նախագծերի կազմմանը, անձամբ հեղինակել կամ ղեկավարել հարյուրավոր նման նախագծեր:

Վաստակավոր ճարտարապետը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ստեղծման օրվանից ի վեր դարձել է կազմակերպության խորհրդի անդամն ու մտերիմ գործընկերը: Նրա նախագծմամբ է վերականգնվել աշուղ Ջիվանու տուն-թանգարանը նրա հայրենի Կարզախ գյուղում։ Այժմ էլ պարոն Մութաֆյանի նախագծմամբ վերականգնվում է հայ մեծանուն բանաստղեծ Վահան Տերյանի տուն թանգարանը նրա հայրենի Գանձա գյուղում։ Նրա խոսքով այս թանգարանները շատ բան չեն կարող փոխել Ջավախքում, սակայն մենք պետք է ճանաչենք այդ հողուջրից ծնված մեծերին։ Ջավախքը շատ մեծերի է տվել, սակայն այն մեզ համար նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունի. «Իմ ցանկությունն այն է, որ բոլոր ջավախահայերեն ու առհասարակ բոլոր հայերը Հայաստանը և Ջավախքը համարեն իրենց հայրենիքը և ոչ թե գերեզմանատունը։ Բոլորն արտագաղթում են Ռուսաստան, այնտեղ շռայլ կյանքով ապրում՝ մեծ ծախսեր անում, իսկ երբ խոսքը վերաբերում է հայրենիքին ինչ-որ ձևով աջակցելուն, դժվարանում են։ Սակայն ամեն հարմար առիթի Ջավախքի ու ջավախքցիների կենացն են խմում։ Հայրենիքը պետք է սիրել ոչ թե կենացներով, այլ այնտեղ մնալով, արարելով, ու հայրենի հողը շենացնելով», -ասում է Հովհաննես Մութաֆյանը։

Նրա կարծիքով սա համազգային խնդիր է։ Մենք պետք է սովորենք սիրել մեր տունը, բակը, քանի որ հայրենիքը և երկիրը սկսվում է յուրաքանչյուրիս տնից։ Պետք է հասկականք, որ պետությունը մենք ենք՝ մեզանից յուրաքանչյուրը և ոչ թե այն մարդը, որն իշխանության է այս պահին։ «Լոպազ ազգ են։ Սիրում ենք մեծամտանալ՝ մենք գրագետ ենք, արվեստագետ ենք, պատմության ունեցող ազգ ենք… Բոլոր ազգերն էլ հավասար են, ունեն մշակույթ և պատմություն։ Պետք է առաջ նայել, դառնալ լավ մասնագետ, աշխատել ու նպաստել քո երկրի կայացմանը։ Այսօր մեր մեջ չարությունը, նախանձն ու տգիտությունն է գերակշռում։ Պետք է արմատախիլ անել սրանք, հետո նոր խոսել հզոր հայրենիքի ու պատմություն ունենալու մասին», -ցավով է նշում պարոն Մութաֆյանը։

Իսկ բոլոր երիտասարդներին, անկախ մասնագիտական կողմնորոշումից պարոն Մութաֆյանը խորհուրդ է տալիս աշխատել, աշխատել ու էլի աշխատել։ Չմեծամտանալ, սովորել, անընդհատ սովորել. «Ցավոք շատ եմ հանդիպում երիտասարդների, որ լսել չեն սիրում, կարդալ ու սովորել չեն սիրում։ Սովորելու համար երբեք ուշ չէ, մինչև կյանքի վերջ հարկավոր է սովորել։ Միայն այս դեպքում կունենաք կրթված հասարակություն, պահանջված մասնագետներ ու իհարկե հզոր հայրենիք։ Յուրաքանչյուրս պետք է մեր տեղում լինենք ու լիարժեք կատարենք մեր պարտականությունները»։

Հերմինե Կարապետյան

ՋԱՀ-ի PR պատասխանատու

14 Հունիս 2021