11.09.2020 1

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը տեղի ունեցավ «Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների գործակցության կամուրջ» խորագրով ծրագիրը, որը ելնելով համավարակի ներկայիս ստեղծած պայմաններից, իրականացվեց «Zoom» առցանց հարթակում: Ծրագրի նպատակն էր Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների միջև կառուցել երկխոսության կամուրջ, նպաստել Հայաստան-Սփյուռք-Ջավախք կապի ամրապնդմանը՝ համախմբելով հայ երիտասարդությանը համընդհանուր գաղափարի շուրջ:

Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն են տալիս մեզ, անգամ աշխարհի մյուս ծայրում գտնվելով, ներդրում ունենալ հայրենիքի զարգացման մեջ, մեր գիտելիքներն ու հնարավորությունները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի: Բայց եթե մենք տեղեկացված չենք նրա խնդիրների ու կարիքների մասին, մեր ներդրումը կլինի կիսատ և գուցե ոչ նպատակային: Սփյուռքահայ երիտասարդը կարիք ունի ճանաչելու Հայաստանը և Ջավախքը, հաղորդակից լինելու սեփական հայրենիքում առկա հնարավորություններին, բնակիչներին, նրանց առօրյային, կարիքներին ու անհրաժեշտություններին:

Ուստի, կարելի է ասել, որ ծրագրի գլխավոր նպատակներից մեկն էր ստեղծել միասնական գործակցության հարթակ, որը կնպաստեր նրանց միջև ամուր կապի ստեղծմանը և նրանց կարողությունները ծառայեցնել Հայաստան-Ջավախք-Սփյուռք փոխադարձ կապի զարգացմանը:

ՀՀ մարզերի, Սփյուռքի և Ջավախքի երիտասարդները, 11 օր շարունակ մասնակցել են դասընթացների, սեմինար-քննարկումնների, առցանց հանդիպումների՝ մի շարք հայտնի և փորձառու բանախոսների մասնակցությամբ։ Մեր բանախոսները հատուկ ընտրված բանիմաց և յուրաքանչյուրը իր ոլորտում հաջողած մասնագետներ էին, ովքեր պատրաստակամ էին կիսվել իրենց փորձով և փոխանցել համապարփակ գիտելիքներ համապատասխան ոլորտներից։ Նշված հանդիպումների միջոցով երիտասարդները ստացան տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ, որոնք կկարողանան ծառայեցնել ի շահ հայրենիքի (հատկապես իրենց մարզերի և բնակավայրերի) հզորացման:
Ծրագրի արդյունքում ստեղծվեց մեկ ընդհանուր հարթակ, որը կապահովի ջավախքցի, սփյուռքահայ և մարզաբնակ երիտասարդների միջև հետագա կապը և կարող է հիմք դառնալ  շարունակական համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման համար։ Դասընթացին մասնակցել են 50 երիտասարդներ Ջավախքից, Սփյուռքից և ՀՀ մարզերից, որոնցից 41-ը ստացել են վկայականներ:

Ծրագրի կազմակերպիչներ՝

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ

Ծրագրի աջակիցներ՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչություն

«Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոն ՀԿ

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամ

Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարադական կազմակերպությունների ասոցիացիա

Չարենցավանի երիտասարդական ուսանողական ՀԿ





 

 

14 Սեպտեմբեր 2020