անցյանհ

Մայիսի 8-ին տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը, այս անգամ իրավիճակից ելնելով առցանց հարթակում, ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, ավիատոր, «Հայք ավիա» ավիաընկերության նախագահ Սերգեյ Վանցյանի հետ:

Հանդիպման օրը պատահական չէր ընտրված, քանի որ պարոն Վանցյանը իր առանցքային ներդրումն է ունեցել Արցախյանի պատերազմի հաղթանակի և հատկապես Շուշիի ազատագրման գործում. չէ՞ որ հենց իրենից ու հայկական քաղավիացիայի մյուս նվիրյալներից էր կախված մարդկանց, զենքի, զինամթերքի, դեղորայքի ու պարենի տեղափոխումը Հայաստանից Արցախ:

«Արցախյան հաղթանակը հոգեբանություն փոխեց` ապացուցելով, որ երբ միասին ենք, կարող ենք հաղթել, նույնիսկ ագրեսոր լինել, եթե մեզ պարտադրում են»:

Ավիացիայով սկսել է հետաքրքրվել այն ժամանակ, երբ ծանոթացել է Թբիլիսիի օդանավակայանի ղեկավար Լավրենտի Մկրտչյանի հետ:

«Ավիացիայի ոլորտում աշխատող մարդը պետք է լինի պրոֆեսիոնալ, բանիմաց ու ազնիվ, կարողանա ընկալել ավիացիոն հոգեբանությունը»:

Չնայած պատերազմը իր կյանքի ամենադժվար փուլն էր, բայց ամեն անգամ հպարտությամբ է հիշում յուրաքանչյուր դրվագ.

«Պատերազմի ժամանակ երբեք օդաչուներին չեմ պարտադրել թռչել, ասել եմ` «խնդիրն այսպիսինն է, կարո՞ղ ես կատարել», ու գրեթե միշտ թռչել եմ նրանց հետ` օրական 3-4 անգամ: Այդ օրերին երբեք տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջքներ չունեցանք, որովհետև գիտակցում էինք, որ ամեն դեպքում թռիչքը պետք է լինի անվտանգ»:

Երիտասարդներին ուղղված ամենակարևոր խորհուրդը Ջավախքը չլքելն է, հայրենասեր լինելը, արմատներին ամուր կառչած մնալն ու հայրենի հողը շենացնելը:

11 Մայիս 2020