ձմեռ պապ

Դեկտեմբերի 29-ը իսկական տոն էր ջավախքցի փոքրիկների համար, իսկ օրը տոնի վերածելու գործում չափազանց մեծ է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության կողմից կազմակերպած «Դարձի՛ր Ձմեռ Պապ» բարեգործական արշավի յուրաքանչյուր մասնակցի դերը։

Մեկ ամիս առաջ մեկնարկած արշավի շրջանակում Ջավախքի տարբեր գյուղերից ու քաղաքներից շուրջ 80 երեխա նամակ էր գրել Ձմեռ պապիկին, որոնք տեղադրվել էին ՋԱՀ-ի ֆեյսբուքյան էջում։ Հիմնադրամի ու բազմաթիվ բարի մարդկանց նվիրատվությունների շնորհիվ կատարվեցին բոլոր երեխաների ցանկությունները։
Իսկ երեկ ՋԱՀ-ի կազմակերպած տոնական միջոցառման շրջանակում Ձմեռ Պապն ու Ձյունանուշը երեխաներին բաժանեցին իրենց նվերները, երգ ու պարով ուրախացրեցին ներկաներին ու ևս մեկ անգամ ամրապնդեցին համոզմունքը, որ Ամանորին կատարվում են բոլոր երազանքները 🙂

Սիրելի՜ աջակիցներ, տարեվերջյան մեր համախմբման մեծագույն ձեռքբերումն այս փոքրիկների ու նրանց ծնողների ժպիտներն են: Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, շնորհակալ ենք Ձեր մարդասիրական վերաբերմունքի ու աջակցության համար։

ՄԻԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆՔ։

 

01 Հունվար 2020