New CorelDRAW X7 Graphic

Յուրաքանչյուր մարդ` անկախ տարիքից, հավատում է, որ Ամանորին հրաշքներ են կատարվում: Բոլորը հոգու խորքում հավատում են իրենց երազանքների իրականացմանը և անհամբերությամբ սպասում այդ հեքիաթային տոնին:

Հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերը սկսում են Ձմեռ Պապիկին ուղղված նամակներն ուղարկելու  ծառայությունները, կամ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաներն ու իրենց ծնողները կարող են նամակ ուղարկել՝ խնդրելով իրենց երկար սպասված նվերը, և այդ նամակներն անպայման կհասցվեն Ձմեռ Պապիկին:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը Ամանորին ընդառաջ բարեգործական արշավ է կազամակերպում Ջավախքի երեխաների համար, որի նպատակն է ամանորի հրաշքն էլ ավելի մոտ դարձնել երեխաներին և նրանց իսկական տոն պարգևել:

Եվ ուրեմն, ճիշտ ժամանակն է, որպեսզի Ջավախքում բնակվող մինչև 10 տարեկան փոքրիկները  ևս երազանք պահեն և նամակ գրեն գլախավոր հրաշագործ Ձմեռ Պապիկին: Ապա մեր բոլորի փոքրիկ ներդրումների ու ջանքերի շնորհիվ  ստանալ իրենց այդքան ցանկալի ամանորյա նվերները:

ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Սիրելի՛ ծնողներ և ուսուցիչներ, խնդրեք փոքրիկներին նամակ գրել Ձմեռ Պապիկին, ապա լուսանկարեք այդ նամակը և մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ուղարկեք «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ֆեյսբուքյան էջին  (https://web.facebook.com/jah.fund/) կամ էլեկտրոնային հասցեին՝ info@jah.am: Նամակները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում և բարի Ձմեռ Պապիկները կիրականացնեն երեխաների երազանքները:

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՁՄԵՌ ՊԱՊ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐԱԶԱՆՔ

Բոլոր ցանկացողները, ովքեր ՋԱՀ-ի ֆեյսբուքյան էջում կտեսնեն երեխաների ցանկություն-նամակները,  կարող են վերցնել դրանցից մեկը կամ մի քանիսը  և հնարավորության դեպքում կատարել երեխայի ցանկությունը` այդպիսով ստանձնելով Ձմեռ պապի դերը տվյալ երեխայի համար: Նվերը կարող եք բերել ՋԱՀ-ի Երևանի գրասենյակ (հասցե` Խորենացի 15,«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 1-ին հարկ,հեռ.` +374 10 52 20 26) կամ ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակ (հասցե՝ Ծերեթելիի փողոց 34, հեռ.՝ +995 514 99 99 34):

Իսկ նրանք ովքեր կցանկանան դրամական օժանդակություն ցուցաբերել կարող են բարեգործական արշավին միանալ առցանց նվիրատվության միջոցով՝ https://www.jah.am/financial_support: Նպատակը դաշտում լրացնելով երեխայի անունը, ում համար ցանկանում են նվեր գնել: Այդ գումարները ևս կծառայեն երեխաների ցանկությունների իրականացմանը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Ջավախքի երեխաների համար Ամանորն իսկական հեքիաթի վերածելու գործում իր նվերներով և անակնկալներով կարևոր ներդրում կունենա Երևանի շոկոլադի գործարանը:

05 Դեկտեմբեր 2019