Կարինե Խոդիկյան (4)

Նոյեմբերի 14-ին  կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ:

Երիտասարդների հետ հանդիպումը տիկին Խոդիկյանը սկսեց «Ես շատ հպարտ եմ, որ ծնվել եմ Ախալքալաքում» խոսքերով և ամբողջ զրույցի ընթացքում բազմաթիվ անգամներ ջերմ հիշողություններով  անդրադարձավ իր արմատներին, Ջավախքին, իր սիրելի քաղաքին ու ընտանիքին, տատիկ-պապիկներին, ումից սովորել է անմնացորդ սիրել  հայրենիքը, գյուղը, հողն ու ջուրը:

«Մեր տանը Ախալքալաքի լեզուն է, Ախալքալաքի խոհանոցն է ու վարքուբարքը»:

Պոետական խառնվածքը, հանգերի հանդեպ սերն ու ստեղծագործելու ջիղը  տիկին Խոդիկյանին փոխանցվել է պատմության ուսուցչուհի մայրիկից, իսկ թատրոնի հանդեպ հետաքրքրությունը հայրիկից, ով նրա մանկության տարիներին աշխատում էր որպես մշակույթի տան տնօրեն ու դստերը հաճախ էր թատրոն տանում:

«Թատրոնն ինձ համար հրաշքների աշխարհ դարձավ, երբ 5 տարեկան էի: Մայրս հիշում է, որ ինձ տարել է Թբիլիսիի  հայկական թատրոնի «Ռուզան» ներկայացմանը: Երբ Ռուզանի կերպարը բեմում «մահացավ» ու վարագույրները փակվեցին, ես սկսեցի ուժգին լաց լինել: Բայց երբ ներկայացման վերջում վարագույրները բացվեցին ու Ռուզանի դերասանուհին դուրս եկավ հանդիսատեսի առաջ խոնարհվելու, ես հասկացա, որ թատրոնը հրաշքների աշխարհ է»:

Առաջին բանաստեղծությունը գրել է 13 տարեկանում, սակայն համարձակություն չի ունեցել դրա մասին բարձրաձայնել և միայն 40 տարեկանում է տպագրել իր պիեսների ժողովածուն, որն էլ արժանացել է  «Ոսկե եղեգ»  գրական պետական բարձրագույն մրցանակի:

«Ցանկացած մասնագիտության մեջ հարկավոր է սպասել իմանալ: Շտապելը ոչ ոքի ոչ մի տեղ չի հասցնում: Դու պետք է կարողանաս քեզ կողքից նայել և ճիշտ գնահատել իրավիճակըլ լինել համառ, գնալ դեպի նպատակը՝  սպասել կարողանալով»:

Տիկին Խոդիկյանը երիտասարդներին խորհուրդ տվեց մանրամասն ուսումնասիրել իրենց ընտրած մասնագիտությունը, քննադատորեն մոտենալ ցանկացած հարցի և շատ կարդալ: Պետք է կարողանալ մայրենի լեզվով գրագետ խոսել և գրել:

Հանդիպման ներկաներին ուղղված ամենակարևոր խորհուրդը հարազատների հետ անցկացրած ժամանակը գնահատելն ու մարդկային շփումը կարևորելն է:

«Համացանցն ու զվարճանքի վայրերը միշտ կան, ծնողները մեր կողքին հավերժ չեն»:

19 Նոյեմբեր 2019