1

Սեպտեմբերի 20-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:

Երիտասարդների հետ հանդիպմանը Ա. Մելքոնյանը նշեց, որ իր համոզմամբ երիտասարդների ազատ միտքը, մտածելու կարողությունը աշխարհայացք ձևավորելու հարցում կարևոր գործոններ են, և երբեք պետք չէ ընդօրինակել որևէ մեկին տեսակետների առումով, այլ պետք է խոսքի, գիտելիքի նկատմամբ ունենալ կասկած, որովհետև միայն ադպես է հնարավոր գիտելիք զարգացնել:

Պարոն Մելքոնյանը մեծ ոգևորությամբ արտահայտեց իր սերը ուսանողության, երիտասարդության ու նրանց սուր մտքի հանդեպ՝ ընդգծելով այն հանգամանքը, որ ամենաանելանելի վիճակում երիտասարդությունը մի ելք առաջարկում է, մի հնար գտնում:

Հանձնաժողովի կողմից պատրաստված բլից հարցերին պարոն Մելքոնյանն այնքան անկեղծությամբ պատասխանեց, որ դահլիճում ներկաները հուզվել էին, մտովի տեղափոխվել իրենց մանկություն: Ծնողների մեծարանքն ու սերը ամուր ու կայուն տեղ ունեն բանախոսի սրտում, և դա է նրա հաջողության գրավականն ու ձեռքբերումների աղբյուրը:

Ա. Մելքոնյանի մանկությունն անցել է Ջավախքում, Ախալքալաքի Թափարվան գետի ջրերն ու Չուբարեթի անտառներն են նրա ամենավառ հիշողությունները:

Բանախոսի ազդեցիկ մտքերը, հորդորներն ու խորհուրդները նպաստեցին, որ երիտասարդները վերանայեն իրենց արժեքներն ու կյանքի դժվարությունները հաղթահարեն ազնիվ սրտով և բաց ճակատով:

Բայցևայնպես, իր դստերը երբեք խորհուրդներ չի տալիս, որովհետև կարծում է, որ երեխաները պետք է սովորեն իրենց ծնողների արարքներից, և ո՛չ թե «դասախոսություններից»:

Ամեն ինչից զատ պարոն Մելքոնյանը հող-հայրենիքը սիրող մարդ է ու հպարտ է, որ ՀԱՅ ՄԱՐԴ է:

 

23 Սեպտեմբեր 2019