IMG_1949

Ապրիլի 12-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական տնօրեն, ծնունդով Ջավախքի Սուլդա գյուղից Վաղարշակ Մեյրոյանի հետ:

Տնտեսագետ, երաժիշտ և նկարիչ, ինչպես նաև մեծ հայրենասեր Վ.Մեյրոյանը նշեց, որ իր առօրյայի մասն է կազմում երիտասարդների հետ շփումն ու համագործակցությունը, որը շատ է կարևորում:

 Խոսելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրման մասին՝ բանախոսը նշեց, որ մանկուց սիրել է ֆրանսիական մշակույթը, երազել Ֆրանսիան տեսնելու, Ֆրանսիայի հետ կապեր ունենալու մասին ու այնտեղի  արժեքների հանդեպ այդ սերն է խթան հանդիսացել 1995 թվականին ընկերների հետ համալսարանի հիմնադրմանը ձեռնամուխ լինելուն:

Բանախոսի խոսքերով պետք է կարևորել որակյալ կրթությունը Ջավախքում և մեծ տեղ հատկացնել լեզունների իմացությանը: Նա խրախուսեց, որ տեղի երիտասարդներն ու աշակերտները ձեռնամուխ լինեն վրացերեն և անգլերեն լեզուները սովորելուն: Նշեց նաև, որ հետագայում պատրաստ է կապը պահել երիտասարդական հանձնաժողովի հետ, օգնել ու աջակցել նրանց, հորդորեց ցանկացած հարցի դեպքում դիմել իրեն, խորհրդակցել իրավաբանական, ֆինանսական և այլ հարցերի շուրջ:

Հանդիպմանը ներկա էր ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Ս. Մկոյանը, որը ներկայացրեց երիտասարդների կողմից մշակված բլից հարցերը:

Այն հարցին, թե ով է իր կյանքում ամենամեծ ազդեցությունը թողել, Վ. Մեյրոյանը պատասխանեց, որ իր ջավախեցի տատը, ում խորհուրդներն իրեն օգնել են կյանքի ցանկացած փուլում:

 Նա նաև անկեղծացավ, որ իրեն ոգևորում է դիմացինի հաջողությունը՝ ֆինանսական կայունությունը:

Վ. Մեյրոյանը իրեն համարում է երջանիկ և հաջողակ մարդ, ասում է, որ  ոչինչ պատահական չի լինում, պետք է հավատալ, աշխատել ու սիրել այն, ինչն անում ես: Սիրել կյանքն ու մարդկանց:

15 Ապրիլ 2019