Hovhannes Mutafyan

2019թ. մարտի 16-ին տեղի ունեցավ ‹‹Անցած ճամփա›› հանդիպումների շարքի 2-րդ հանդիպումը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերութան հիմնադիր-գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի հետ:

Հովհաննես Մութաֆյանը երիտասարդներին ներկայացրեց իր անցած ուղին և հեղինակած ճարտարապետական նախագծերը, մանրամասնորեն խոսեց դրանց առանձնահատկությունների մասին:

Մասնագիտական ընտրությանը վերաբերող հարցին Հ. Մութաֆյանը պատասխանեց.

«Ես ծնվել եմ արհեստագործի ընտանիքում: Մայրս դերձակ էր, հայրս՝ խառատ: Ծնողներս և ես չգիտեինք, թե ինչ բան է ճարտարապետը: Ընտանեկան ժողովի ժամանակ որոշվեց դիմել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարության ֆակուլտետ: Այնտեղ միայն մի խնդիր կար՝ գծագրությունը: Նկարել կարողանում էի, մաթեմատիկայից լավ էի, բայց գծագրությունից թերանում էի: Այդպես սկսեցի պարապել և ընդունվեցի բարձր գնահատականներով»:

Մասնակիցները չմոռացան Հ. Մութաֆյանի նարնջագույն գլխարկի մասին.

«Եղբորս կինն է նվիրել: Այնքան շատ էր սազում, որ այդ օրվանից դրել եմ: Հետո անընհատ ասում էին, թե դա ի՞նչ գույն է, ինչու՞ ես դնում, ես էլ որոշեցի, որ բոլորին հակառակ պետք է դնեմ: Մի ամիս հետո, մի տարի հետո շարունակեցի, ու հիմա արդեն սկսում են ինձ նվիրել նարնջագույն բազմաթիվ իրեր, սկսած գրիչից»:

Ա. Աճեմյանը, խոսելով Հ. Մութաֆյանի նվիրվածության մասին, նշեց.

«Սահմանափակ թվով մարդիկ կան, որ իրենց նվիրվածությունը բարոյական բավարարվածություն է տալիս, և սա շատ մեծ արժեք է, մարդկային առաքինություն: Սիրելի ճարտարապետ ընկերս այդպիսի անհատներից մեկն է, որ ոչ միայն իր մասնագիտությամբ բարձր կոչում ունի, ոչ միայն վաստակավոր է, այլ վաստակաշատ:

Մասնակիցների խոսքերով՝ հումորով լի, ուսուցողական ու լուսավոր հանդիպում էր: Այլ կերպ լինել չէր կարող, երբ խոսքը գնում է Հ. Մութաֆյանի մասին:

19 Մարտ 2019