IMG_1663

2019թ. փետրվարի 23-ին ‹‹Ջավախքին աջակցություն›› հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը մեկնարկեց  ‹‹Անցած ճամփա›› խորագրով հանդիպումների շարքը:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի շոկոլադի գործարանում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի շոկոլադի գործարանի սեփականատեր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բարերար Սոս Սահակյանի հետ, որը խոսեց իր անցած ուղու, դժվարությունների, այդ ընթացքում ձեռք բերած հմտությունների, հաջողությունների, հաղթանակների ու կուտակած փորձի մասին:

Այն հարցին, թե ո՞րն է իր կարգախոսը, Սոս Սահակյանը պատասխանեց, որ մշտապես համառ և անկոտրուն լինելն է, քանի որ կյանքում անելանելի իրավիճակներ չկան, և բոլոր խնդիրները լուծելի են:

Խոսելով իր թերությունների մասին՝ Սոս Սահակյանը նշեց, որ շատերը համարում են, որ մարդկանց հանդեպ բաց և անկեղծ լինելն է, բայց ինքն այդպես չի կարծում և միշտ պատրաստ է նոր շփումների, որովհետև իր կայացման ճանապարհին այդ շփումները կարևոր նշանակություն են ունեցել:

Նորավարտ երիտասարդները հետաքրքրվեցին նաև աշխատաշուկայի պահանջներից, գործարանում առկա աշխատատեղերից և հեռանկարներից:

Մասնակիցներից Հերմինե Կարապետյանի խոսքերով՝ շա՜տ ջերմ ու անմիջական հանդիպում ստացվեց, պարոն Սահակյանի դրական կերպարն ու բարի խրատները կարծում եմ դեռ երկար կհիշենք:

Նախքան հանդիպումը ջավախքցի երիտասարդները ճանաչողական այցով շրջեցին Շոկոլադի գորածարանում, համտեսեցին «տաք-տաք» շոկոլադները, ծանոթացան սարքավորումներին, խոսեցին փաթեթավորումների դիզայնի և տարբեր շուկաների պահանջարկների մասին:

25 Փետրվար 2019