Հրավերներ 1

2019թ. փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին Ջավախքի Հեշտիա գյուղում տեղի է ունենալու Վրաստանում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը` այս անգամ եռակողմ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ:
Բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղական Տիգրան Գալստյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի բարձրագույն պաշտոնատար անձիք, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, «Կարիտաս Վրաստան»-ի, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար կազմը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ջավախքցի հյուրեր և լաբորատորիայի սաներ:

Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ: Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան ներդրվել է «Կարիտաս Վրաստան» բարեգործական հիմնադրամի «Մանկական և երիտասարդական» կենտրոնում, որը նպաստում է տեղացի երեխաների և երիտասարդների կյանքի որակի բարելավմանը:

Ծրագիրը խթանում է Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունը և ստեղծում աշխատանքի հնարավորություններ ու հայրենիքում մնալու հեռանկարներ:

14 Փետրվար 2019