kisandri-Bughashen

2019թ. հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանի վերաբացման և հարակից տարածքում խաղահրապարակի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ազատամարտիկի հարազատները, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Պարույր Պալյանը, հյուրեր Ռուսատանից և Հայաստանից:

Արցախյան ազատամարտիկ, ծնունդով Բուղաշեն գյուղից Միքայել Ավագյանը արցախյան պատերազմի տարիներին ձեռք էր բերել Կոբրա մականունը, քանի որ տիրապետում էր ադրբեջաներենին, որն օգնում էր հետախուզությունների ժամանակ:
Մասնակցել է Հորադիզի, Խոջալիի, Հադրութի և Ֆիզուլիի ռազմական գործողություններին, վիրավորվել դիպուկահարի կրակոցից Հորադիզի կամրջի համար առճակատումների ժամանակ և մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Հերոսի մահից հետո կինը՝ Մանուշակ Ավագյանը, դաստիարակել է հայրենիքին արժանի իրենց 4 զավակներին:

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Պարույր Պալյանի խոսքերով՝ այս միջոցառումը հայրենասիրական դաստիարակության մեծ նշանակություն ունի դպրոցականների և երիտասարադների համար, միջոցառման շնորհիվ հերոսի մասին հիշողությունները նորից արթնացան, այն համախմբեց Բուղաշեն գյուղի ժողովորդին. շատերը, որ 30 տարի գյուղում չէին եղել, վերադարձել էին արտերկրից ներկա գտնվելու համար:

Պարույր Պալյանը նշեց, որ ողջունում է նման նախաձեռնությունները և կոչ է անում բոլոր ջավախքցիներին անհատական ջանքերը համախմբել համաջավախքյան հարթակ հանդիսացող «Ջավախքին աջակցություն» հիմնադրամում: Միասին ավելի ուժեղ ենք:

Նկարները՝ www.jnews.ge կայքից

23 Հունվար 2019