210720186

Հուլիսի 21-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեծ շուքով նշվեց Ջավախքում ամենասպասված և ավանդույթ դարձած հերթական տոներից մեկը՝ Տերյանական պոեզիայի օրը:

Տոնակատարությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Ժորա Սնխչյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) բարերար, Պերմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Սարգսյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Գրիգորյանը, Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, տերյանական պոեզիայի սիրահարներ և գանձացիներ:

Տոնական օրը սկսվեց Սուրբ Պատարագի մատուցմամբ Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի:

Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո ներկաները շարժվեցին դեպի մեծ բանաստեղծի՝ Վահան Տերյանի տուն-թանգարան, որտեղ վերջիններիս դիմավորեց տուն-թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը: Հյուրերը շրջեցին տուն-թանգարանում և ծանոթացան մեծ քնարերգուի թողած գրական ժառանգությանը:

Տուն-թանգարան այցելությունից հետո սկսվեց համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչեցին Տերյանի ստեղծագործությունները, ելույթ ունեցան Ախալքալաքի, Ծալկայի և տեղի երգի-պարի համույթներն  ու անհատ երգիչ-երգչուհիներ:

Միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Ջիվանու տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը, ով ողջունեց ներկաներին տուն-թանգարանի անձնակազմի անունից և շնորհակալական խոսք հղեց Նինոծմինդայի շրջանային վարչությանը և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել միջոցառման կազմակերպման հարցում: Գիդ-համակարգողը հույս հայտնեց, որ պետական և տեղական իշխանությունները, իրենց ուշադրության կենտրոնում պահելով Ջավախքի մշակութային կյանքը, կարևոր քայլեր կնախաձեռնեն նաև Տերյանի տուն-թանգարանի բարելավման հարցում և կլուծեն թանգարանի առջև այսօր ծառացած մի շարք խնդիրները, իսկ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը իր դերակատարությունն ու մասնակցությունը կունենա, ինչպես և ունեցավ Կարզախում Ջիվանու տուն-թանգարանի կայացման գործում:

Նշենք նաև, որ մինչ միջոցառման սկիզբը երկու տուն-թանգարանների ղեկավարները հանդիպեցին և ձեռք բերեցին համագործակցության պայմանավորվածություն՝ ընդգծելով դրա հնարավոր ուղիները:

Վահան Տերյանը, ով հայ գրականության հիմքում միանգամայն նոր ուղղության սկիզբ է դրել, միաժամանակ եղել է քաջության, հայրենասիրության և խիզախության մարմնավորում, իր կյանքը բազմիցս վտանգի ենթարկել հանուն հայրենիքի:

Լուսանկարների աղբյուրը՝ http://armenianchurch.ge/en/news/34-news/1771-teryan

 

23 Հուլիս 2018