0107201815

Հուլիսի 1-ին Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի օրը, որը նշանավորվեց Սբ. Երրորդություն եկեղեցու վերաօծմամբ և գյուղամեջում Արցախյան հերոսամարտի մասնակից, ծնունդով Կուլիկամ գյուղից Արթուր Ղարիբյանի հուշաքարի բացմամբ:

Տոնակատարությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Արցախյան հերոսամարտի մասնակից Արթուր Ղարիբյանի եղբայրը՝ Գրիգոր Ղարիբյանը, հուշաքարի բացման նախաձեռնող Արմեն Ուզունյանը, բարերար Աղվան Աջամօղլյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրենի տեղակալ, ծնունդով Կուլիկամ գյուղից Սամվել Մկոյանը, բազմաթիվ կուլիկամցիներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից:

Տոնական օրը սկսվեց եկեղեցու վերաօծման արարողությամբ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի: Վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ խորանը, մկրտության ավազանն ու սրբապատկերները: Արդեն վերաօծված եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Սբ. Երրորդություն եկեղեցին վերակառուցվել է ծնունդով կուլիկամցի, ռուսաստանաբնակ Ստեփան Ուզունյանի բարերարությամբ: Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին իրենց ներդրումն են ունեցել նաև բազմաթիվ կուլիկամցիներ:

Սուրբ Պատարագից հետո գյուղամեջում տեղի ունեցավ արցախյան գոյամարտի մասնակից, ծնունդով Կուլիկամ գյուղից Արթուր Ղարիբյանի հուշաքարի բացումը: Հուշաքարը բացվեց Արմեն Ուզունյանի նախաձեռնությամբ և բարերար Աղվան Աջամօղլյանի ու համագյուղացիների համատեղ ջանքերով: Հուշաքարի բացմանը ներկա էին նաև Արթուրի մարտական ընկերները: Գեղարվեստական տարբեր կատարումներով հանդես եկան Ա. Ղարիբյանի անունը կրող հանրային դպրոցի սաները: Հնչեցին հերոսին նվիրված բանաստեղծություններ և երգեր:

Տոնական օրն ավարտվեց վերջերս վերանորոգված հանդիսությունների սրահում ավանդական մատաղի օրհնության կարգով և համտեսով:

02 Հուլիս 2018