2706201810

Հունիսի 27-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Անտարես» մեդիա հոլդինգի կողմից արդեն 7-րդ անգամ կազմակերպվող «Ընթերցման օլիմպիադայի» հանրապետական փուլը: Մրցույթին հայտ էր ներկայացրել Հայաստանի 10 մարզերի և Երևան քաղաքի 6-րդ դասարանցիներից ավելի քան 4500 աշակերտ, իսկ հանրապետական փուլ էր անցել 39 աշակերտ թե՛ Երևանի և թե՛ մարզերի դպրոցներից:

Օլիմպիադային ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներ և օլիմպիադայի այլ գործընկերներ ու հովանավորներ:

ՋԱՀ-ն արդեն 4-րդ տարին է, ինչ աջակցում և խրախուսական մրցանակներ է տալիս օլիմպիադայի մասնակիցներին: Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը իր ելույթում չափազանց կարևորեց դպրոցականների համար ընթերցանության մրցույթների կազմակերպումը և առաջարկեց նմանատիպ օլիմպիադաներ կազմակերպել նաև Ջավախքում:

Իր գործունեության մեջ կարևորելով հանրության շրջանակներում Ջավախքի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը և դեռևս դպրոցահասակ տարիքից երեխաներին Ջավախքի մեծերի հետ ծանոթացման գործընթացը, այս տարի մրցույթի մասնակիցներին հանձնվեց ՋԱՀ-ի կողմից հրատարակված ականավոր գրականագետ Գրիգոր Վանցյանի 3 հատորից բաղկացած ժողովածուն, ջավախքցի աշուղ Թիֆիլու գիրքը, Աշուղ Ջիվանու լավագույն կատարումների սկավառակ, Ջիվանու հուշանվեր, ինչպես նաև Ջիվանու տուն-թանգարանի հավաստագիր, որը հնարավորություն է տալիս ընտանիքով և դասարանով անսահմանափակ անվճար այցելել Ախալքալաքի Կարզախ գյուղում գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարան մինչև 2019թ. օգոստոս ամիսը:

29 Հունիս 2018