0706201819

Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից: Փառատոնի իրականացմանն աջակցել էին նաև Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, Ախալքալաքի ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և Նինոծմինդայի ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ  Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

«Հրաշամանուկ» փառատոնին ջավախքցի մասնակիցները հանդես եկան հայկական և վրացական ժողովրդական պարերով, ինչպես նաև հայ ազգագրական և ժողովրդական երգերի կատարումներով՝ ներկաներին փոխանցելով հայրենի Ջավախքի ոգին և շունչը:

Փառատոնի նպատակն է իր շուրջը համախմբել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ փոքրիկներին և երիտասարդներին, հայտնաբերել տաղանդավոր երեխաներին և նրանց համար ճանապարհ հարթել:

ՋԱՀ-ը կարևորում է ջավախքցի փոքրիկների և պատանիների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին, որոնք հնարավոր են դարձնում Հայաստան-Վրաստան փոխադարձ այցելությունները, ինչպես նաև հայկական և վրացական մշակույթները փոխադարձ ներկայացնելու առիթ են ստեղծում:

08 Հունիս 2018