31052018-min

2018թ. մայիսի 31-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին նաև մայիսի 30-31-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կառավարության անդամները:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախագահ Սոս Սահակյանը, գործադիր վարչությունը և Հոգաբարձուների խորհրդի անդամներ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմը գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, ԱրՄաթ-Ախալքալաքի բարերար Ավետիս Բալոյանը,  բազմաթիվ գործարարներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի մայրաքաղաքներից և այլ շրջաններից, լաբորատորիայի սաներ և բազմաթիվ ախալքալաքցիներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ով շնորհավորեց ներկաներին Վրաստանում, մասնավորապես Ախալքալաք քաղաքում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման առթիվ և շեշտեց օրվա պատմական լինելու պահը Ջավախքի և ջավախքցիների համար: Ընդգծելով այն փաստը, որ հիմնադրամն այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ի դեմս «ԱրՄաթ»-ի, ծրագրերի նոր մեկնարկ է տվել, նախատեսվում է Ջավախքի բոլոր շրջաններում հիմնել նմանատիպ լաբորատորիաներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ընդգծելով ՀՀ կառավարության ծրագրում կրթության կարևորությունը և այն համարելով երկրի կարևորագույն ապրանքանիշերից մեկը, կրթության նախարարը ողջունեց «ԱրՄաթ» ծրագրի իրականացումը Ջավախքում: Նախարարը շնորհակալության խոսք հղեց ծրագրի նախաձեռնողներին և հովանավորներին և նշեց, որ այս ծրագիրը կրթության մեջ կարևորագույն նախաձեռնություններից է: Իր խոսքում նախարարը հայտնեց նաև կառավարության պատրաստակամությունը աջակցելու նմանատիպ ծրագրերի իրականցմանը՝ համագործակցելով Վրաստանի իշխանությունների հետ:

Ելույթ ունեցավ նաև ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ով  նշեց, որ Ախալքալաքի «ԱրՄաթը» առաջին հաջողված փորձն է ծրագիրը իրականացնել նաև ՀՀ սահաններից դուրս՝ աշխարհի տարբեր հայաբնակ վայրերում:  Նա կարևորեց ծրագրի իրականացումը և երեխաների ընդգկրվածությունը դասընթացներում՝ շեշտելով, որ այսօր ծրագրավորումը և ինժեներությունը ամենապահանջված մասնագիտություններից են և այս ծրագիրը հնարավորություն է տալիս ապագա մասնագետներին մնալ և աշխատել իրենց հայրենիքում:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը: Նա բարձր գնահատեց ՋԱՀ-ի գործունեությունը հիմնադրման օրվանից ի վեր և ընդգծեց, որ հիմնադրամն ունի ճիշտ մշակված գործիք և մեխանիզմ հայրենի Ջավախքում գրագետ և կազմակերպված ներդրում և աջակցություն ունենալու գործում: Արսեն Խառատյանը նաև վստահություն հայտնեց, որ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնումը Ախալքալաքում ավելի կխորացնի  հայ-վրացական հարաբերությունները, ինչպես նաև լաբորատորիայում ուսանած սաները իրենց ներդրումը կունենան Ջավախքի և առհասարակ ամբողջ աշխարհի մարդկության պատմության մեջ:

Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրն իրականացվում է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ, ով նույնպես իր շնորհակալական խոսքը հղեց ՋԱՀ-ին և ԻՏՁՄ-ին երեխաներին ժամանակակից մասնագիտություն սովորելու հնարավորություն ընձեռելու համար:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով և նշեց, որ ՋԱՀ-ը չափազանց կարևորում է «ԱրՄաթ»-ի և նմանատիպ հաջողված ծրագրերի ներդնումը բարեկամ Վրաստանում՝ հավատարիմ մնալով Վրաստանի Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի նահանգների հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը նպաստելու իր առաքելությանը: Նա, ընդգծեց, որ ԱրՄաթը լայն հնարավորություն է տալիս երիտասարդներին իրենց ապագա մասնագիտության կողմնորոշման հարցում և մինչև 2020 թվականը հիմնադրամը մտադիր է առնվազն 20 ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա բացել Վրաստանի վերոնշյալ նահանգներում:

ԱրՄաթ-Ախալքալաքի դռների կարմիր ժապավենը ավանդույթի համաձայն կտրեցին լաբորատորիայում ուսանող սաները, որից հետո հյուրերը ծանոթացան լաբորատորիայի և նրանում ներդրված ծրագրերի հնարավորություններին, ինչպես նաև երեխաների պատրաստած աշխատանքներին: Վրաստանում «ԱրՄաթ» ծրագիրը մշակված է նաև վրացերենով, որի շնորհիվ խմբակում ընդգրկվել են նաև ազգությամբ վրացի երեխաներ:

Ախալքալաքի «ԱրՄաթ» լաբորատորիայում արդեն գրանցվել է շուրջ 160 երեխա, որոնցից 115-ը հաճախում է խմբակի դասընթացներին: Լաբորատորիա-խմբակում աշակերտները ստանում են ծրագրավորման, ժամանակակից ինժեներության և ռոբոտաշինության գիտելիքներ ու հմտություններ: «ԱրՄաթը» միևնույն ժամանակ ինքնազարգացման և ոչ ֆորմալ կրթության նորարարական հարթակ է: Այն նպաստում է համայնքի տնտեսական զարգացմանը ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավման միջոցով, ինչպես նաև դպրոցական կրթությանը զուգահեռ երեխաներին հնարավորություն ընձեռնում ձեռքբերել ժամանակակից մասնագիտություն:

01 Հունիս 2018