14042018

Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի 2016-2017թթ. գործունեության հաշվետու հավաքը:

Հավաքին ներկա էին ՋԱՀ-ի հիմնադիրներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ, գործընկերներ, բարերարներ, համակիրներ և Ջավախքի զարգացմամբ հետաքրքրված տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Հավաքի սկզբում Վիրահայոց թեմի առաջնորդ, ՋԱՀ-ի համահիմնադիր Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդես եկավ օրհնության խոսքով, բարձր գնահատեց հիմնադրամի գործունեությունը, վերջինիս շուրջ համախմբվելու կոչ արեց և հանդես եկավ Ջավախքի զարգացմանն ուղղված արժեքավոր առաջարկներով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ով կարճ պատմական ակնարկ կատարեց հիմնադրամի ստեղծման վերաբերյալ, ընդգծեց հիմնադրամի գործադիր վարչության կողմից իրականացվող ակտիվ աշխատանքները և այն փաստը, որ ՋԱՀ-ն իր չորսամյա գործունեության ընթացքում արդեն գրանցել է շոշափելի հաջողություններ:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը ներկայացրեց հիմնադրամի 2016-2017թթ. իրականացրած ծրագրերն ըստ ոլորտների, որից հետո տեղի ունեցան քննարկումներ Ջավախքի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների, դրանց լուծման ուղիների և զարգացման հեռանկարների շուրջ: Ամփոփելով քննարկումը՝ գործադիր տնօրենը ներկայացրեց ՋԱՀ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Ջավախք – 2020» ռազմավարական ծրագրային փաթեթը: Ներկաներն իրենց խոսքում կարևորեցին հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև ներկայացված փաստաթուղթը՝ հնչեցնելով նոր առաջարկներ վերջինիս վերաբերյալ:

Մասնակիցներին բաժանվեցին ՋԱՀ-ի 2016-2017թթ. գործունեությունը ներկայացնող տպագիր հաշվետվություններ, իսկ նվիրատուներին հանձնվեցին անհատական հաշվետու նամակներ՝ 2017թ. վերջիններիս կողմից հիմնադրամին արված նվիրատվության ծախսերի բացվածքի վերաբերյալ:

ՋԱՀ-ը չափազանց կարևորում է թափանցիկ և ազնիվ գործելաոճը և սկզբունքային համարում նվիրատուներին անհատապես հաշվետու լինելու հանգամանքը՝ այդ ուղղությամբ ունենալով հստակ մշակված մեխանիզմներ:

Հետամուտ լինելով Ջավախքի հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը՝ ՋԱՀ-ը շարունակում է ավելի շատ հայրենակիցների համախմբել կյանքի բարձր որակ ունեցող, ազգային ինքնության հաստատուն հիմքերով և համախմբված Ջավախք ունենալու տեսլականի շուրջ:

16 Ապրիլ 2018