260320188

Մարտի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում էր հյուրընկալվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը հետևյալ կազմով. ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան, ՋԱՀ-ի բարերարներ Մնացական Գասպարյան, Աղասի Սահակյան, հոգաբարձուների խորհրդի անդամ Քաջավան Նուրիջանյան, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյան և տնօրենի տեղակալ Սամվել Մկոյան:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին և շեշտելով ՋԱՀ-ի հետ սերտ համագործակցության փաստը, կարևորեց Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգներում վերջինիս իրականացրած լայնածավալ գործունեությունը` ուղղված Ջավախքի համայնքային, մշակութային, կրթական հարցերի լուծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ջավախքում առկա արդիական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված միջոցները և ՋԱՀ-ի առաջիկա ծրագրերը:

Սփյուռքի նախարարը պատվոգրեր հանձնեց ՋԱՀ-ի բարերարներ Մնացական Գասպարյանին, Աղասի Սահակյանին և հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին` Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայ համայնքների հասարակական կյանքի զարգացման և հայ-վրացական համագործակցության սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցելու համար:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը ջերմ ընդունելության համար և չափազանց կարևորեցին վերջինիս հետ սերտ համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Նախարարության կողմից ՋԱՀ-ի գործունեությանը գնահատանքի և ուշադրության արժանացնելը մեծապես կնպաստի ավելի շատ հայրենակիցների համախմբել կյանքի բարձր որակ ունեցող, ազգային ինքնության հաստատուն հիմքերով և համախմբված Ջավախք ունենալու տեսլականի շուրջ:

Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Սփյուռքի նախարարության մեդալներով էին պարգևատրվել ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը: 

Ամբողջական նյութը կարող եք տեսնել այստեղ:

 

26 Մարտ 2018