Collage

Դեկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում էր հյուրընկալվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը հետևյալ կազմով. ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան, Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյան և տնօրենի տեղակալ Սամվել Մկոյան:

Ողջունելով հյուրերին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՋԱՀ-ի առաքելությունը, բարձր գնահատեց վերջինիս լայնածավալ գործունեությունը` ուղղված Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների  հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը: Իր խոսքում նախարարը ընդգծեց ՋԱՀ-ի ունեցած առանցքային նշանակությունը հայկական մշակութային ժառանգության պահպանման և ազգային ավանդույթների զարգացման մեջ` առանձնակի տեղ հատկացնելով ՋԱՀ-ի խոշորագույն ծրագրերից Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնմանը Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում:

Բարձր գնահատելով Հայաստանում և Ջավախքում ծավալած բարեգործական և հասարակական գործունեությունը, նկատի առնելով Ջավախքում հայության հասարակական ոլորտների զարգացման գործում առանձնահատուկ ծառայությունների, կրթական, մշակութային խնդիրների լուծման գործում ունեցած մեծ ավանդը, նախարարը «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրեց ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանին:

Կարևորելով նաև հիմնադրամի սերտ համագործակցությունը արվեստագետների և մտավորականների հետ, նախարարը «Արշիլ Գորկու» մեդալով պարգևատրեց ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանին սփյուռքում հայ ճարտարապետությունը զարգացնելու և տարածելու գործում ունեցած մեծ ավանդի և Կարծախում Ջիվանու տուն-թանգարանը նախագծելու համար` առանձնապես շեշտելով վերջինիս` գործին անշահախնդիր և նվիրված լինելու փաստը:

Նախարարության կողմից ՋԱՀ-ի գործունեությանը նմանատիպ գնահատանքի և ուշադրության արժանացնելը մեծապես կնպաստի ավելի շատ հայրենակիցների համախմբել կյանքի   բարձր   որակ   ունեցող,  ազգային   ինքնության   հաստատուն   հիմքերով և համախմբված Ջավախք ունենալու տեսլականի շուրջ:

ՋԱՀ-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը ջերմ ընդունելության համար և չափազանց կարևորում վերջինիս հետ սերտ համագործակցությունը, համատեղ ծրագրերի իրականացումը և ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելը:

 

26 Դեկտեմբեր 2017