3009201722

Սեպտեմբերի 30-ին Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի շրջանում «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) կազմակերպության անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Մեծ Փուռ» փառատոնը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ փառատոնին ներկա էր նաև կարտոֆիլագործների խումբ Ջավախքից: Միջոցառման շրջանակներում ջավախքցի ֆերմերները հյուրընկալվեցին Գավառի իրենց գործընկերների կողմից և ծանոթացան տարածաշրջանում կարտոֆիլի մշակման առանձնահատկություններին: Ջավախքի կարտոֆիլագործների խմբի մասնակցությունը փառատոնին նշանավորվեց  նաև Ջավախքում տարածված կերակրատեսակների և դրանց առանձնահատկությունների ներկայացմամբ. Ջավախքյան տաղավարը մարդաշատ էր, իսկ ներկայացված ուտեստները սպառվեցին հաշված րոպեների ընթացքում: Փառատոնի մասնակիցներին հատկապես գրավում էր ջավախքյան աղի գաթան: Փառատոնի ավարտին ֆերմերներ Գեորգի Մկոյանը, Կարապետ Մոսոյանը և Ռոբերտ Գոքորյանը հավաստագիր ստացան փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Ախալքալաքի Դիլիսկա գյուղից Գեորգի Մկոյանը չափազանց  տպավորված էր միջոցառմամբ և պատրաստակամություն հայտնեց հաջորդ տարիներին ևս մասնակցել և համագործակցությունը Գավառի կարտոֆիլագործների հետ դարձնել շարունակական:

Նշենք, որ Գավառի և Ջավախքի ֆերմերների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը սկսվել է դեռևս 2016թ-ին, երբ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և ՋԱՀ-ի գործընկերությամբ փորձի փոխանակման նպատակով Ախալքալաք էին այցելել Գավառի կարտոֆիլագործները, փոխանակվել սերմնացուներով, ծանոթացել կարտոֆիլի մշակման տեխնոլոգիաներին, ինչպես նաև Ախալքալաքում կարտոֆիլի ապրանքանշման և ապահովագրության համակարգի ներդրմանը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ողջունում է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն և շնորհակալություն հայտնում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությանն ու Գավառի ֆերմերներին հյուրընկալության և շարունակական համագործակցության համար:

 

02 Հոկտեմբեր 2017