0507171

Երեկ՝ հուլիսի 5-ին, հանրապետությունում կրկնակի տոն էր. «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվեց Սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանիշների օրը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում էր նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը: Տոնական քայլերթի ընթացքում գլխավոր դրոշը տանելու պատվավոր գործը ստանձնել էին Ջավախքի և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի երիտասարդները:

Մայրաքաղաքում տիրում էր բարձր տրամադրություն, մեծ թե փոքր, հպարտությամբ կրելով եռագույն շապիկները և բարձրացնելով դրոշները, քայլում էին շքախմբին հավասար:

Արդեն մի քանի տարի շարունակ իրականացվող այս միջոցառման նպատակը հայկական պետականության կարևորագույն խորհրդանիշների նկատմամբ խորը ակնածանք ձևավորելն է, մեր պետական խորհրդանիշները հայ ժողովրդին և միջազգային հանրությանը նորովի ներկայացնելը:

ՋԱՀ-ը ողջունում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որոնք հնարավոր են դարձնում Հայաստանի տարբեր մարզերից և հայաբնակ վայրերից ժամանած երիտասարդների շփումը:

06 Հուլիս 2017