30051710

Մայիսի 30-ին Հայաստանի ազգային գրադարանում «Անտարես» մեդիա հոլդինգի նախաձեռնությամբ անցկացվեց «Ընթերցման օլիմպիադայի» հանրապետական փուլը: Արդեն 6-րդ անգամ է կազմակերպվում նմանատիպ մրցույթ Հայաստանի 10 մարզերի և Երևան քաղաքի 6-րդ դասարանցիների համար: Այս տարի օլիմպիադային մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 4400 աշակերտ, ինչը շատ ուրախալի է. չէ՞ որ, ինչպես անգլիական վերածննդի ականավոր դրամատուրգ, քաղաքագետ և պոետ Ջոզեֆ Ադիսոնն է ասում, ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը՝ մարմնի:

Հաղթողներին սպասվում էր անակնկալ-նվերներ մրցույթի հովանավորների կողմից, որոնց թվում էին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն, «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը, ինչպես նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), որն արդեն 3 տարի շարունակ աջակցում և խրախուսական նվերներ է տալիս մրցույթի մասնակիցներին:
Այս տարի ժյուրիի անդամների կազմում էր նաև ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը, ով իր շնորհավորական խոսքում կարևորեց նմանատիպ մրցույթների պարբերաբար կազմակերպումը և հիմնադրամի անունից 1-ին տեղը զբաղեցրած մասնակցին՝ Դիանա Միքայելյանին, նվիրեց ՋԱՀ-ի կողմից հրատարակված ականավոր գրականագետ Գրիգոր Վանցյանի 3 հատորից բաղկացած ժողովածուն, իսկ մասնակիցներից Վահե Անթանյանին հանձնվեց խրախուսական մրցանակ՝ աշուղ Ջիվանու գիրքը, վերջինիս լավագույն կատարումների սկավառակը և կրկին ծնունդով ջավախքցի աշուղ Թիֆիլու գիրքը:
Ընթերցանությունը չափազանց կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր ազգի մշակութային, գրական և կյանքի այլ ոլորտների զարգացման համար: Հայկական պատմության և մշակույթի անբաժանելի մասը կազմող Ջավախքը նույնպես հայտնի է իր գրողներով, որոնց ստեղծագործություններն այսօր արդեն դարձել են մշակութային արժեք ներկայացնող ժառանգություն:
Եվ ՋԱՀ-ը կարևորում է, որ այդ ժառանգությունը հասանելի լինի յուրաքանչյուր հայի և շարունակի դաստիարակել ու հայրենասիրական ոգի ներշնչել դեռևս մատաղ սերնդին, քանզի այսօր էլ ջավախքցին շարունակում է ստեղծել նորը՝ պահպանելով ավանդականը:

31 Մայիս 2017