cof

Մայիսի 4-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ հետաքրքիր և բազմաբովանդակ հանդիպում Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ:

Վահան Տերյանի գործունեության և ստեղծագործության մասին ընթերցողը մինչ օրս պատկերացում է ունեցել հիմք ընդունելով իրեն հասած ստեղծագործություններն ու տերյանագետների կողմից ներկայացրած կերպարը: Մինչդեռ Վահան Տերյանի՝ հայ ժողովրդի ազգ դառնալու և հայ գրականությունը գրական հայերենի շուրջ զարգացնելու գործում ունեցած կարևոր ներդրման մասին շատերը լռում են:

Հայաստանը երկար ժամանակ զուրկ է եղել պետականությունից, իսկ եկեղեցին, որը, փաստորեն, միակ կառույցն էր, որ որոշակի կերպով իր շուրջն էր միավորում հայերին, ևս միատարր չէր: Այս պարագայում կարևոր էր «միասնական» գրական լեզվի հանգամանքը, մինչդեռ հանճարեղ բանաստեղծներ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, համարելով, որ գրական հայերենը անշունչ է, օգտագործում էին բարբառները, որոնք անուղղակի կերպով իրենց հերթին տարբաժանում էին հայերին: Եվ եթե Թումանյանը նախկինում գրում էր Ժամանակով կատուն ճոն էր…», ապա Տերյանին 1908 թվականին հանդիպելուց հետո նրա ստեղծագործություններում հազիվ թե հանդիպենք բարբառային տարբերակների: Տերյանը նաև այն բանաստեղծն էր, ով մեծ դերակատարություն ունեցավ վանկական պոեզիան վանկաշեշտականի փոխակերպելու գործում: Նա պնդում էր, որ հայերենը անսպառ հնարավորություններ ունեցող լեզու է և, անշուշտ, հնարավոր է գրել բանաստեղծություն վանկաշեշտական համակարգով, և իրականում այս երևույթը ունի նաև մտածողական բնույթ:

Շատերին հայտնի չէ նաև մեծանուն բանաստեղծի հայրենասիրության և անձնազոհության մասին: Նա այն եզակի համարձակներից էր, ով բարձրաձայնում  էր քաղաքական խնդիրների մասին և համոզում Ռուսաստանին ընդունել, որ Հայաստանը կարող է անկախ լինել և Ռուսաստանից առանձին էլ գոյություն ունենալ: Այս ենթատեքստում հատկանշական է տերյանական սուր հումորն ու ծաղրը, երբ, օրինակ, «Լենին» անունը գրում էր «Ղենին»:

Հանդիպման ընթացքում Տերյանը բացահայտվեց ոչ միայն որպես հայ կարկառուն բանաստեղծ, ով անջնջելի հետք է թողել հայ գրականության վերափոխման և զարգացման գործընթացում, այլ նաև որպես քաղաքական գործիչ, ով ջավախքցուն վայել իր համարձակությամբ խոսել է քաղաքական խնդիրների մասին:

Հանդիպմանը ներկա  էին գրականագետներ, մանկավարժներ, ուսանողներ, ովքեր ողջ ընթացքում մեծ խանդավառությամբ ու հետաքրքրությամբ էին լսում Գևորգ Էմին-Տերյանի բացահայտումները, որոնց մի մասին դեռ հնարավոր չէ հանդիպել գրավոր աղբյուրներում: Ներկաներից մասնագիտությամբ մանկավարժ տիկին Զեփյուռի խոսքով՝  նա պարզեց Տերյանի մասին այնպիսի բաներ, որ երբևէ չէր լսել, և Գևորգ Էմին-Տերյանի ինֆորմատիվ ելույթից ուղղակի ցնցված է և հիացած: «Ես ինքս ստեղծագործում եմ և այդ ելույթը հոյակապ դաս էր ինձ համար՝ լի պատմական փաստերով և իրականության նորովի ներկայացմամբ»:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում գրականագետ Գևորգ Էմին-Տերյանին ցուցաբերած պատրաստակամության, բովանդակալից և հետաքրքիր դասախոսության համար:

Միջոցառման իրականացմանն աջակցել է «Էլիտ պլազա» բիզնես կենտրենը:

05 Մայիս 2017